«Գրաբարից պաշտոն բառը թարգմանվում է ծառայել։ Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ծառայի, ոչ թե հպարտանա իշխելու նպատակով, այլ պետք է լինի խոնարհ, ինչպես մեր երկնավոր տերն էր խոնարհ։ Նա հավիտենական թագավորն էր, բայց լվանում էր առաքյալների ոտքերը։ Եթե յուրաքանչյուր ոք, ընտրված լինելով, չի ուզում ծառայել հայոց ազգին՝ նա նաեւ չի ծառայում Աստծուն»,-Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի երդմնակալության արարողությունը նշեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը։ Նա համոզված է, որ բոլորը կհամախմբվեն նորընտիր համայնքապետի շուրջը՝ ծաղկեցնելով իրենց համայնքը։
Տեր Մակարը ցանկանում է, որ մեր ներկայիս պաշտոնյաները լինեն հայոց նախնիների պես ու մեջբերեց Աբգար թագավորի պատմությունը։ Ժամանակին ճգնավորներից մեկը Բարձրյալից հարցնում է, թե արդյո՞ք իրենից բարձր ու մեծ սուրբ կա։ Հրեշտակը նրան ցույց է տալիս հայոց Աբգար թագավորին։ Ճգնավորը զարմանում է՝ Աբգարը թագավոր է, միշտ ուտում-խմում է, վայելում է կյանքը ու ինչպե՞ս դարձավ բարձր սուրբ։ Այդ ժամանակը հրեշտակը ճգնավորին ուղեկցում է հայոց արքունիք։ Այստեղ Ճգնավորը տեսնում է, որ Աբգար արքան ունենալով ամեն ինչ, իր հացը իր ձեռքով հողից էր վաստակում, չէր սպասում, որ ծառաները մատուցեն, այլ խոնարհաբար մշակում էր հողն ու վայելում հացը։
Կարդացեք նաև
«Սրբությունը խոնարհության մեջ է, ողորմության մեջ է, ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ոք կանգնած լինի աղքատի ու խեղճի կողքը։ Ի՞նչ կշահեք մենք, որ միշտ մեծահարուստների ու մեծամեծների հետ սեղան նստենք՝ մոռանալով կարիքավորներին, ի՞նչ կշահենք մենք, որ մեր փառքը հիշելով՝ լավ ու բարի գործեր չկատարենք։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք ծառայել, ծառայել հայոց ազգին, հայոց պետականությանը եւ հայոց հավատքին»,-իր խոսքը եզրափակեց Տեր Մակար վարդապետը։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ