Շատ կանայք են հղիության ընթացքում ձախակողմյան ցավեր ունենում։ Հղիության սկզբնական փուլում դա կարող է նշանակել, որ մարմինը ձգվում է՝ տեղ ազատելով բալիկի համար, կամ էլ այդ ցավերը կարող են կապված լինել մարսողական խնդիրների հետ, ինչպիսիք են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը կամ փորկապությունը։
Ավելի ուշ այդպիսի ցավերը կարող են կապված լինել որովայնի կապանների ձգման հետ։ Պատճառ կարող են լինել նաև ցայլքային սիմֆիզի դիսֆունկցիան կամ կոնքային շրջանի ցավերը, որոնք առաջանում են, երբ կոնքի շրջանի ոսկորները պահող կապանները թուլանում են հղիության հորմոնի՝ ռելաքսինի շնորհիվ։
Միզուղիների կամ երիկամների ինֆեկցիաները նույնպես կարող են հղիության ընթացքում ձախակողմյան ցավերի պատճառ դառնալ։ Հղի կանանց շրջանում միզուղիների ինֆեկցիաների զարգացման վտանգն ավելի մեծ է՝ հղիության ընթացքում տեղի ունեցող հորմոնալ ու կառուցվածքային փոփոխությունների պատճառով։
Կարդացեք նաև
Հղիության ընթացքում ձախակողմյան ցավերի տարատեսակները
- Դաշտանային ցավեր հիշեցնող կծկումներ
- Ճնշում կոնքի շրջանում
- Կծկումներ որովայնի ձախ կողմի ստորին հատվածում
- Ցավ ցայլքի շրջանում
- Ցավ մեջքի ստորին հատվածում
- Ցավ, որը ճառագայթում է դեպի ազդրերը
- Խրթոցի զգացում կոնքի շրջանում
- Ցավեր միզելիս
Հղիության ընթացքում ձախակողմյան ցավերի առաջացման պատճառները
Առաջին եռամսյակ
Առաջին եռամսյակում ձախակողմյան ցավերի պատճառ կարող են լինել բնական այն փոփոխությունները, որոնք սովորաբար տեղի են ունենում մարմնի հետ հղիության ժամանակ։ Սակայն այդ ցավերը կարող են կապված լինել նաև մարսողական խնդիրների հետ, որոնք սրվում են հղիության ընթացքում։ Հղիության սկզբնական փուլում ցավերը, սակայն, կարող են հուշել վիժման վտանգի մասին։ Ավելի լուրջ պատճառ կարող է լինել արտարգանդային հղիությունը, որն անհապաղ բժշկին դիմելու ցուցում է։ Հղիության ողջ ընթացքում միզուղիների ու երիկամների ինֆեկցիաները նույնպես կարող են ձախակողմյան ցավերի առաջացման պատճառ դառնալ։
Երկրորդ եռամսյակ
Արգանդը պահող կլոր կապանների ցավը առավել տարածված ախտանշան է հղիության երկրորդ եռամսյակում, որը կարող է արտահայտվել երկու կողմում էլ։ Կլոր կապանները ձգվում են հղիության ընթացքում՝ աճող երեխային հարմարվելու համար։ Դա սուր ցավ է, որը զգացվում է որովայնում կամ կոնքի շրջանում՝ երկու կողմից էլ։ Ամեն մի կտրուկ շարժում, որի պատճառով այդ կապանները ձգվում են, կարող է ցավ առաջացնել։ Դա ընդամենը մի քանի վայրկյան է տևում, և այդպիսի ցավերը հղիության երրորդ եռամսյակում սովորաբար անհետանում են։
Երրորդ եռամսյակ
Կոնքի շրջանում առաջացող ցավերը, որոնք երբեմն կոչվում են ցայլքի սիմֆիզի դիսֆունկցիա, կարող են առաջանալ հղիության տարբեր փուլերում, բայց ավելի շատ հանդիպում են վերջին փուլում։
Ցավը կարող է առաջանալ ցայլոսկրի շրջանում՝ ճառագայթելով դեպի ազդրերը։ Կարող է նաև խրթոցի զգացում առաջանալ ցայլքի շրջանում։ Այդպիսի ցավերը երեխայի համար անվնաս են, բայց կարող են անհարմարություններ պատճառել հղի կնոջը։
Հղիության ձախակողմյան ցավերի դեպքում ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձախակողմյան ցավերն ուղեկցվում են հետևյալ ախտանշաններով, ապա բժշկին դիմելու ժամանակն է․
- Ջերմություն և դող
- Հեշտոցային արյունահոսություն
- Ուշագնացություն կամ թեթև գլխապտույտ
- Ուժեղ ցավ
- Դժվարություններ շարժվելու հետ կապված
- Առատ արտադրություն հեշտոցից
- Երեխայի շարժումների նվազում
- Արյուն կղանքում
- Սրտխառնոց կամ փսխում
- Կրկնվող փորլուծություն
- Դժվարամիզություն կամ ցավեր միզելու ժամանակ
Հղիության ընթացքում ձախակողմյան ցավերի բուժումը կարող է նշանակել միայն բժիշկը՝ համապատասխան հետազոտություններից հետո։
Ինչպես նշվեց վերևում, հղիության ընթացքում ձախակողմյան ցավերը կարող են պայմանավորված լինել մարմնի բնական փոփոխություններով։
Այդ դեպքում կարող են օգտակար լինել հետևյալ միջոցառումները՝
- Խուսափել ծանրություններ բարձրացնելուց,
- Քնել՝ ոտքերի արանքում բարձ դնելով,
- Օգտագործել հղիների համար նախատեսված հատուկ գոտիներ,
- Կատարել Կեգելի վարժություններ,
- Ավելի հաճախ հանգստանալ,
- Հազալուց կամ փռշտալուց առաջ փորձել ծալել ազդրերը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ