Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը զգալի ջանքեր է գործադրում համայնքային երիտասարդության ներուժի զարգացման համար». Արթուր Մարտիրոսյան

Նոյեմբեր 18,2022 20:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կազմակերպած «YouthON» երիտասարդական ֆորումին:

Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության նոր հարթակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և մարզերում ապրող երիտասարդների միջև։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԿԳՄՍ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «YouthON» երիտասարդական ֆորումի բովանդակությունը լիարժեքորեն համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը.  «Վստահ եմ, որ նմանօրինակ ծրագրերը կխթանեն տեղական երիտասարդական խմբերի կողմից սեփական համայնքի խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնողականությունը: Նրանք նաև քայլեր կանեն համայնքային որոշումների կայացման գործում մասնակիցը դառնալու ուղղությամբ: Դժվար է պատկերացնել որոշում, որը երիտասարդներին չի առնչվում: Ներկայում պետությունը ևս զգալի միջոցներ է ներդնում համայնքային երիտասարդության ներուժի բացահայտման ու իրացման, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացման և երիտասարդության ինքնադրսևորման համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետական քաղաքականության առանցքային շեշտադրումներից է մարզաբնակ երիտասարդների ներգրավվածության ապահովումը, նրանց համար կարողությունների զարգացման, մշակութային միջավայրի, ժամանցի կազմակերպման հավասար հնարավորությունների ընձեռումը՝ անկախ բնակության վայրից: Դրան է միտված մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնումը, որտեղ երիտասարդները կմեկտեղվեն, կքննարկեն համայնքայինից մինչև մարզային, համապետական խնդիրներ՝ իրենց իսկ իրականությունը փոխակերպելու և լուծումներ առաջ քաշելու տրամաբանությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ պետական բյուջեի միջոցներով առաջիկայում նախատեսվում է երիտասարդական կենտրոններ հիմնել Մեղրիում և Իջևանում, իսկ մինչև 2026 թվականը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով միայն պետական բյուջեի միջոցներով Հայաստանի մարզային բնակավայրերում այդպիսի կենտրոնների թիվը նախատեսվում է հասցնել 25-ի:

«Լավատեսություն եմ հայտնում, որ պետական բյուջեի, նաև միջազգային և այլ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարում Հայաստանի մարզերում կունենանք տասնյակ երիտասարդական կենտրոններ: Այդպիսի կենտրոններում երիտասարդները կկարողանան կազմակերպել իրենց ինտելեկտուալ ժամանցը, տեղեկացված կլինեն իրենց համայնքի խնդիրներից և կներգրավեն դրանց լուծման գործընթացներում, կզարգացնեն իրենց հմտություններն ու ունակությունները՝ որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացիներ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, անդրադարձել երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող   դրամաշնորհների, միջազգային համագործակցության, երիտասարդական միջոցառումների մասնակցության համար ավիատոմսերի փոխհատուցման ծրագրերին:

Քննարկվել է նաև թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում antitrafficking.am   կայքի միջոցով երիտասարդների իրազեկվածությունը բարձրացնելու հարցը: Նշվել է, որ թեմայի լուսաբանման վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ է անցկացվում:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Երիտասարդական մայրաքաղաք» միջոցառմանը և  «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթին՝ երիտասարդներին հորդորելով բարձր մասնակցություն ապահովել պետության կողմից իրականացվող տարատեսակ երիտասարդական միջոցառումներին:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկայում նախարարությունը նախատեսում է երիտասարդական խնդիրների համապարփակ վերլուծություն, ինչի արդյունքում կմշակվի նաև «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, որը 2023 թվականի նոյեմբերին կներկայացվի Ազգային ժողով:

Երիտասարդական ֆորումին մասնակցել են կազմակերպության մարզային զարգացման ծրագրերի ավելի քան 80 շրջանավարտները ՀՀ բոլոր մարզերից։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն չորրորդ տարին է՝ իրականացնում է «YouthON» քաղաքացիական կրթության ճամբարը, որի նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործելու ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքներում սոցիալական, բնապահպանական ու կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաև երիտասարդների կարողությունների, ձեռներեցության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և բազմաթիվ այլ հմտությունների զարգացմանը։

Չորս տարիների ընթացքում ճամբարը կարողացել է համախմբել ՀՀ բոլոր մարզերից 120 երիտասարդի։ Ծրագրի արդյունքում դրամաշնորհ է տրվել ավելի քան 28 համայնքային զարգացման փոքր ծրագրերի, որոնք իրականացվել են սահմանամերձ և հեռավոր այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Տավուշի մարզի Ազատամուտ, Ոսկեվան գյուղերը, Վայոց Ձորի Քարագլուխ գյուղը, Սյունիքի մարզի Հալիձոր և Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքները և այլն։

Ֆորումի ընթացքում վեր են հանվել մարզերում առկա խնդիրները և քննարկվել են երիտասարդների կողմից դրանց լուծման առաջարկները։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930