«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունը դեռ 2021 թ. հունվարից ընդունել է Արցախի խնդրի կարգավորման Ռուսաստանի առաջարկը, սակայն ինքն այդ մասին չի խոսել կոռեկտությունից ելնելով եւ հիմա ընդդիմությունը պահանջում է նույն բանը, ինչ իրենք վաղուց են որդեգրել, ասաց. «Երբեք վարչապետին հարիր չէ այդ մտապաշարով հանդես գալ: Ես ասել ու էլի ասում եմ, որ կուզեի, որ մեր երկիրն ունենար, եթե ոչ աշխարհի, ապա տարածաշրջանի լավագույն ղեկավարը:
Իսկ ինչի՞ է իրենց թիմից արտգործնախարարության աշխատողներից մեկը ասել, թե չկա ոչ ամերիկական, ոչ եվրոպական, ոչ ռուսական տարբերակ, այլ կա հայկական տարբերակ: Ուրեմն, այդ երիտասարդին պետք է կանչել պատասխանատվության: Եթե հավատանք, պարզվում է, որ վաղուց իրենք բանավոր համաձայնեցնել են, ու արտգործնախարարության պատասխանատու աշխատողներից տեղյակ չի, որ տարբերակներ կան: Ինչո՞ւ եք պահում այդ աշխատողին, որը տեղյակ չէ այն բանի մասին, ինչի մասին պետք է հետո հայտարարեր երկրի ղեկավարը»-ասաց տիկին Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարության այն հատվածի մասին, որտեղ նա ասում է, թե Ռուսաստանի դիրքորոշումն ընդունելի է, բայց ընդունելն է պատճառը, որ Հայաստանն առաջ է քաշել ոչ թե ԼՂՀ կարգավիճակի, այլ ԼՂՀ հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման հարցը, որ ինչպես 2018-ին, հիմա էլ կարծում է, որ այդ խոսակցության շահագրգիռ կողմը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայությունը եւ որ միջազգային հանրության շրջանում էլ, կարծես թե, այդ ըմբռնումը կա… եւ որ համաձայն է Հայաստան-Ադրբեջան հարցը տարանջատել ԼՂՀ հայության իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրումից, ինչը սակայն չի նշանակում, որ Հայաստանը համաձայն է այդ հարցը օրակարգից հանելուն: Ի վերջո, որ Հայաստանը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման հիմքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ:
«Այդքան երկար-բարակ, խուճուճ արտահայտությունը ես պետք է թարգմանեմ մեր հասարակության համար: Ինքն ասում է հետեւյալը. Հայաստանը չի ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Հայաստանը թողնում է Լեռնային Ղարաբաղը այն կարգավիճակով, որը թույլ է տալիս Ալիեւին լրիվ անհիմն ասել, որ նա Արցախի հայերին դիտարկում է որպես իր երկրում ազգային փոքրամասնություն»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ