Նոյեմբերի 15-ին Ավանի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Խուդյակովի փողոցում գործող «Յուքոմի» գրասենյակ էր մտել մի տղամարդ` գործարք կատարելու: Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, և գրասենյակի աշխատակիցները նրան հայտնեցին, որ արդեն փակվել են, չեն կարող քաղաքացուն սպասարկել: Կարճ վեճից հետո տղամարդը դուրս էր եկել, ապա վերադառնալով՝ փորձել էր կոտրել գրասենյակի ապակիները, դանակով սպառնացել էր աշխատակիցներին, թույլ չէր տվել, որ գրասենյակից դուրս գան: Այսպիսի բովանդակությամբ ահազանգ ստացան Ավանի ոստիկանները. ահազանգողը տեսարանին ականատես քաղաքացի էր:
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն արագ մեկնեցին դեպքի վայր, որտեղ արդեն դանակավորը վնասազերծվել էր. անցորդներից մեկը` քրեակատարողական ծառայության աշխատակից, նկատելով գրասենյակում տեղի ունեցող վեճը, մտել էր ներս և վնասազերծել տղամարդուն՝ խլելով դանակը:
Ժամը 19.35-ին հենց հանցագործության վայրում ձերբակալվեց և ոստիկանության Ավանի բաժանմունք տեղափոխվեց մայրաքաղաքի Երզնկյան փողոցի բնակիչ, 39-ամյա տղամարդը: Պարզվեց, որ նա հասցրել էր ցուցափեղկի վրայից հափշտակել բջջային երկու հեռախոս: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը:
Կազմված արձանագրությունները ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն