Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը

Նոյեմբեր 18,2022 18:24

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Համատեղ կոմիտեն համանախագահում են հայաստանյան կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսիին: ՀՀ կողմից որպես համատեղ կոմիտեի անդամներ ներգրավված են ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանը:

Նիստի մեկնարկին ընդառաջ՝ Արթուր Մարտիրոսյանը և Աննա Հագլունդ-Մորիսիին ստորագրել են համատեղ կոմիտեի գործունեության կարգն ու ընթացակարգերը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այժմ իրականացվում են ՀՀ գիտության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրեր, և ՀՀ կառավարությունը մեծապես նպաստում է դրանց իրականացմանը: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2021-26 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված գիտության ոլորտի միջոցառումները, դրանց ընթացքն ու հետագա քայլերը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ նոյեմբեր ամսվա դրությամբ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ կողմից ներկայացվել է 41 հայտ, որոնցից 5-ն արդեն իսկ երաշխավորվել էն ֆինանսավորման ՀԵ տարբեր մրցույթների շրջանակում, իսկ 3 ծրագիր հաստատման վերջնական փուլում է: Կոմիտեի համանախագահները հատկանշական են համարել հատկապես Եվրոպական հետազոտական տարածքի ընդլայնման և գերազանցության տարածման (ERA Chair), ինչպես նաև Հետազոտական ենթակառուցվածներ (Pillar1, Excellent Science) ենթածրագրերի գծով ՀՀ մասնակցության հաջողությունը:

Նշված ուղղություններով մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հետազոտական կարողությունների զարգացման, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքներում բարձր որակավորում ունեցող գիտական ներուժի ընդգրկման համար: Մասնավորապես՝ Արթուր Մարտիրոսյանը և Սարգիս Հայոցյաննը ընդգծել են ՀՀ ԳԱԱ L. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում ERA Chair ենթածրագրում ՀՀ ներկայացրած հայտի հաջողությունը, որի բյուջեն շուրջ 2,5 մլն եվրո է, իսկ ծրագրի տևողությունը՝ 5 տարի: Կողմերն արձանագրել են, որ 2021-2022 թթ. մասնակցության ցուցանիշները (ՀՀ հաջողության գործակից` 15,56 %) գերազանցում են ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին մասնակցության երկամյա արդյունքները:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության խթանման առումով հատկանշական է ազգային կոնտակտային անձանց և ծրագրային կոմիտեների անդամների ակտիվ ներգրավվածությունը, որի ուղղությամբ ևս ՀՀ գիտության կոմիտեի և «Գիտության և նորարարությունների գործընկերության աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ իրականացվում են մի շարք միջոցառումներ:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության ակտիվացման և ՀՀ գիտական համայնքի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ու համատեղ տարվող աշխատանքների շարունակականության կարևորությունը: Մասնավորապես՝ ընդգծվել է Եվրոպական Միության կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության վճարի 50 տոկոս փոխհատուցման հարցը, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ գիտական համայնքի «Հորիզոն Եվրոպա» տարբեր ենթածրագրերում առավել լայն ընդգրկման համար:

Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք բխում են Հայաստանի՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության մասին համաձայնագրի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսական ներդրման կանոնները, ՀՀ 2021-2022 թթ. մասնակցության արդյունքները, ծրագրի ազգային կոնտակտային անձանց և ծրագրային կոմիտեների անդամների գործունեությունը, 2023-2024 թթ. աշխատանքային ծրագիրը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության ակտիվացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նիստի օրակարգում ներառված մի շարք այլ հարցեր առնչվում էի ՀՀ գիտական համայնքի՝ Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման գործընթացների խթանմանը, մասնավորապես՝ ԵՄ «Քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակում փորձագիտական երաշխավորությունների ներդրման ընթացքին ու Արևելյան գործընկերության հետազոտությունների և նորարարության աշխատանքային խմբի գործունեության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրով նախատեսված փոխադարձության սկզբունքի ներքո ՀՀ կողմից իրականացվող ծրագրում ԵՄ իրավաբանական անձանց մասնակցության հնարավորությունների ստեղծման հարցին: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է այն հնարավոր ծրագրերը, որոնց պայմանների ուղղությամբ կտարվեն որոշակի աշխատանքներ փոխադարձության սկզբունքի ապահովման համար:

Կողմերը կարևորել են նաև ՀՀ մասնակցությունը Եվրոպական հետազոտական տարածքի ֆորումի տարբեր աշխատանքային խմբերում:
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են գործառնական եզրակացություններ, որոնց շրջանակում կշարունակվեն համագործակցության զարգացմանը միտված աշխատանքները:

Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի 2-րդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930