«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը վերջերս բարձրաձայնել էր, որ իշխանության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով իրեն ուզում են հեռացնել թատրոնից, եւ տնօրեն դարձնել ֆրանսաբնակ ռեժիսոր, դերասան եւ թարգմանիչ Սաթէ Խաչատրյանին։ Վերջինս էլ ձեռնպահ էր մնացել թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց:
«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում պարոն Սահակյանը կրկին բարձրաձայնեց իրենց թատրոնի խնդրի մասին, նաեւ շեշտեց, որ ինքն իր անունից է հանդես գալիս․ «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնի համար երեք թեկնածու է ներկայացել մրցույթին, այդ թվում` նաեւ այն մարդը, ով իրենց թեկնածուն է (նկատի ունի Սաթէ Խաչատրյանին-Գ․Հ․)։ Հենց առաջին փուլում՝ գրավոր քննության ժամանակ անհրաժեշտ միավորները չի հավաքել ոչ մի թեկնածու, իսկ օրենքն այնպիսին է, որ նման դեպքերում քննությունը կասեցվում է, մրցույթը կասեցվում է, եւ բարձր ու վեհ հանձնաժողովը ընտրում է մեկ այլ քննության ժամկետ»։
Արթուր Սահակյանը նշեց․ «Անընդհատ քննության ժամանակ շեշտվում էր՝ տեսեք ինչ արդար է․․․Մեռնեմ արդարությանը, ես արդարության դեմ ասելու ոչ մի բան չունեմ․․․Հիմա այդ հանձնաժողովը որոշեց, որ մրցույթը տեղի կունենա ապրիլին։ Այսինքն` այդ հարցը կրկին գարնանը կբողբոջի»։
Ռեժիսորը կարծում է, որ օրենքն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս անցկացնել սեփական թեկնածուին, ուստի նշանակություն չունի, որ այս անգամ որեւէ մեկը բավարար միավորներ չի ստացել․ «Ես մի անգամ ասել եմ, թե ինչ է նշանակում հիմնարկ եւ ձայներ ղեկավարելը։ Այս օրենքն, ի դեպ, «իմքայլական» օրենք չէ, վաղուցվա օրենք է․․․Ու կարելի է այնպես անել, որ հիմնարկը լինի, իր ձայներով ու ամեն ինչով մեկնաբանելի լինի․․․Բայց մի այլ կարեւոր բասն կա՝ անգամ կոմունիստներն այդքան մոլագար չէին մարդկանց կոմունիստացնելու մեջ, ինչքան սրանք։ Սրանց օրոք ամեն ինչը՝ մանկապարտեզը, խանութը իրենց ուզածով պետք է լինի, ու ոնց թե ինչ-որ մեկը թարս է խոսում, ինչ իրավունքով․․․Իսկ դուք կարծում եք, որ միտք արտադրելը հիմա ձեր գո՞րծն է, ձեր ուժեղ կողմերից մեկը։ Ես էլի եմ ասել՝ թող այս երկրում ամեն ինչ գոնե մինիմալ առումով լավ լինի, ես ասեմ՝ շնորհակալություն, գոնե տարրական բաները լինեն, ես զբաղվեմ իմ գործով, բայց ես չեմ կարող չխոսել, չասել ՝ ո՞վ տարավ էս մարդկանց սպանեց, ինչո՞ւ սպանեցին այդ մարդկանց, եթե հողերը տալու էին․․․»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ