Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս լոզունգներով եկավ, թե հեսա թալանածը հետ ենք բերում, բիզնեսները խլում ենք, բաժանում ենք, մերօրյա Ռոբին Հուդն էր ձեւանում, բայց չունենք որեւէ դատական ակտով թալանչի». Կոչուբաեւ

Նոյեմբեր 18,2022 17:37

«Ավետիք Չալաբյանի գործով խայտառակ անգրագետ քննություն էր, այսինքն, քննության բացակայություն: Այդ քրեական գործերը չեն տարվում մինչեւ իրենց տրամաբանական ավարտը՝ մի քանի պատճառով: Պատճառ 1` մարդուն ամբաստանյալի, մեղադրյալի կարգավիճակում պահելը նշանակում է այդ մարդու նկատմամբ անընդհատ ճնշում գործադրել: Մարդը, լինելով այդ կարգավիճակում, ուզած-չուզած հոգեբանական հուզական վիճակում է գտնվում, դրա համար ՄԻԵԴ նախադեպային որոշում կա, որով շատ երկար ոչ ողջամիտ ժամկետում քրեական գործը պահելու ու անձին մեղադրյալի կարգավիճակում այդ գործում երկար պահելը դա խոշտանգում է»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան, իրավունքի մասնագետ Վարազդատ Հարությունյանը:

Նա նշեց, որ կան դատավորներ, որոնք իշխանական ճնշումներին չեն տրվում ու որքան գործը գնում է այլ ատյաններ, այդքան դժվար է լինում կոլեգիալ մարմնին պարտադրել որոշումներ: Ի վերջո ՄԻԵԴ կա ու իշխանությանը բացարձակ պետք չի, որ այդ գործերը գնան ՄԻԵԴ ու արդար որոշում լինի, հանրության աչքից կընկնեն, դրա համար այդ քրգործերը հիմնականում մնում են անավարտ:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն էլ ասաց. «Կառավարական տանը մի պաշտոնյա կար, որին լուրերով որպես կանոն վարչապետ են ներկայացնում, ժամանակին, երբ ընդդիմադիր էր, ասում էր՝ տվեք ինձ ամենաբռնապետական սահմանադրությունը եւ ես կկերտեմ ժողովրդավարություն: Խնդիրը ո՛չ քրեական դատավարության մեջ է, ո՛չ Քրեական օրենսգրքի, Սահմանադրության, առհասարակ իրավաբանության հետ կապ չունեն այն խնդիրները, որոնք կան»:

Նա ասաց, որ 2019-ի առաջին եռամսյակում զենքի գործադրմամբ ավելի շատ հանցագործություններ էին կատարվել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում ու այնպես չի, որ լատենտայնությունն է թուլացել, մեր օպերատիվ բլոկը զարգացել է ու ավելի լավ են աշխատում: Բնավ այդպես չէ: Այսօր, եթե մենք չունենք տեսախցիկներ, գործնականում որեւէ հանցագործություն բացահայտել չի լինում եւ սա խոսում է աշխատանքների զրոյական լինելու մասին: Եթե գաղտնալսումներ, տեսախցիկներ չկան՝ մտածել չկա: Միայն գաղտնալսումներով ու տեսախցիկներով հանցավորության դեմ չեն պայքարում»:

Ըստ Կոչուբաեւի, մեր սահմանադրությունն ու օրենսդրությունը վատը չեն, պարզապես հարցն այն է, թե կամք կա՞ կիրառելու օրենսդրությունը: Նա ասաց, որ չենք տեսնում վերջնական դատական ակտով գնահատական, որ նախկին այս պաշտոնյան թալանչի էր, այն պաշտոնյան բանակ էր թալանել: Այդ ամենը ընդամենը արվում էր, որ հասարակության համար լավ վերնագիր լինի, գրվի, թե այսինչ պաշտոնյայից այսքան գույք է բռնագանձվել, մինչդեռ հետո, երբ գործը նայում են, տեսնում են, որ դատախազի փնթի աշխատանքի արդյունքում տեխնիկական սխալ է եղել ու գույքը վերադարձվել է, ինչն արդեն հասարակությանը հետաքրքիր չէ. «Իմ խոսքի սկզբում վկայակոչված պաշտոնյան այս լոզունգներով եկավ, թե հեսա թալանածը հետ ենք բերում, պատժում ենք, բիզնեսները խլում ենք, բաժանում ենք, մերօրյա Ռոբին Հուդն էր ձեւանում, բայց 4 տարին դատական ակտ ունենալու համար բավականին ծանրակշիռ ժամկետ է ու մենք չունենք այսօր որեւէ դատական ակտով թալանչի: Բայց ունենք վարկաբեկված գեներալ, ով պարզվեց՝ կարդարացվի էլ, որովհետեւ դա գեներալիտետը արժեզրկելուն ուղղված գործողություն էր, ունենք բարոյալքված բանակ եւ վերնագրային հասարակություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930