Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրաման է եղել անցնել շրջանաձեւ պաշտպանության․ ինչո՞ւ խրամատներ չեն փորվել, ինչո՞ւ էրեխեքին չեն դիրքավորել, ինչո՞ւ կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ»․ Ջալալ Հարությունյանի պաշտպան

Նոյեմբեր 18,2022 17:28

ՑՈՐ-ի զորամասի Դ 20 հրետանային դիվիզիոնի դեպքը ողբերգական դեպք է, բայց բանակի հրամանատարին մեղադրել, որ այդ հարցում տվյալները ճիշտ չեն փոխանցվել եւ այլն՝ այստեղ պատճառահետեւանքային կապ չկա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նա ներկայացնելով Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներում առկա դրվագներն, անդրադարձավ նաեւ ՑՈՐ-ի զորամասին։

«Մեղադրանքի երկրորդ դրվագում ցավալի պատկեր է , որ մեր զինվորների պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել, եւ փաստացի անպաշտպան վիճակում են հայտնվել։ Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է, որ այդտեղ պաշտպանությունը ճիշտ չւ կազմակերպվել։ Բայց արդյոք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպության պատասխանատուն բանակի հրամանատա՞րն է։ Ոչ։ Դիվիզիոնի պատշաճ պաշտպանությունը պետք է կազմակերպի դիվիզիոնի հրամանատարությունը»,-ասաց փաստաբանը։

Արսեն Սարդարյան

Նրա ներկայացմամբ՝ այս դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին, դրանից օրեր առաջ ՊԲ հրամանատարը հրաման է արձակել, որով հստակ նշում է՝ մեր տարածք կան ներթափանցած հակառակորդի ուժեր, բոլոր այս հատվածներում կարող են լինել դիվերսիոն խմբերի հարձակումներ, ուստի յուրային զորքերին անցնել շրջանաձեւ պաշտպանության․ «Այս հրամանի առկայության պայմաններում ինչո՞ւ խրամատներ չեն փորվել, ինչո՞ւ էրեխեքին չեն դիրքավորել, ինչո՞ւ պատշաճ պաշտպանություն չեն կազմակերպել, ինչո՞ւ են մարտկոցներն իրարից անկախ գործել, որակապես մի քանի անգամ ավել տեխնիկա ունենալու պայմաններում ինչո՞ւ կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ։ Մեղադրանքում նշված է, որ հրամանատարների մի մասը դիտակետում է եղել, որը մարտկոցների տեղակայումից մեկ կիլոմետր հեռավորության վրա է եղել։ Դիտակետում լսել են հակառակորդի խոսակցությունը եւ լսելուց հասկացել են, որ թշնամին է։ Հիմա հարց՝ եթե լսում ես խոսակցություններ, ինչո՞ւ այդ ժամանակահատվածը չես օգտագործում, որ այդ հրանոթներն ուղղվեն դրանց ուղղությամբ։ Ունեցել ենք համապատասխան հրանոթներ այդ հեռավորության վրա խփելու, որ բացեին էդ կետից խփեին, դուք էլ դիտակետից խփեիք․․․ դրա փոխարեն պանիկա է դրվել, տագնապ ու սկսել են խառը փախնել։ Տեսանյութեր կան, դիերը՝ մեքենաների կողքին, զինվորները փորձել են պաշտպանվել մեքենաների կողքին, որովհետեւ խրամատ չի եղել, որ մտնեն պաշտպանվեն։ Հիմա հրամանատա՞րը պիտի գար էդտեղ խրամատ փորեր»։

Փաստաբանի խոսքով․ «Ասում են, որ զեկուցել են Գենադի Բաղդասարյանի միջոցով եւ իբր Ջալալ Հարությունյանը հետախուզության ներկայացուցիչների հետ քարտեզի մոտ քննարկելուց հետո ասել է, որ յուրային են։ Նախ՝ չի ասել յուրային են։ Ասել է՝ կարող է յուրային լինեն։ Երկրորդն էլ՝ այդպես է ասել, քանի որ այդ պահին այդ հատվածում ունեցել ենք խաղաղապահ զորքերից մեկ վաշտ, որի տեղակայումը հստակ չի եղել ու ունեցել ենք ՄՈԲ-ից փախած հարյուրավոր զինվորներ։ Հիմա պատկերացրեք ասեր՝ կրակեք ու մերոնց փռեին։ Հրաման Ջալալ Հարությունյանից չի ակնկալվել, չեն մոտեցել ասել՝ ի՞նչ անենք։ Իրենք իրենցով որոշել են՝ հանեք, փախեք եւ այլն, տագնապը դրել են։ Շրջանաձեւ պաշտպանություն ու խրամատներում ամրանալու փոխարեն՝ ով, ոնց հասցրել, նստել է մեքենան ու փախել, ու հրամանատարությունը դա առաջինն է արել։ Վստահ եմ մեջները նաեւ սկզբունքային հրամանատարներ են եղել»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատների պայքարի արդյունքում մեղադրանք է առաջադրվել ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանին, որի գործը դատարանում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930