Հայկական առաջին արբանյակը` ArmSat–1–ը, ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Արբանյակի բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են։ Այս մասին հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` հավելելով, որ այժմ աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել ։
«Այս 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել արբանյակի թեստավորման և կարգաբերման աշխատանքները, նաև այլ կազմակերպչական աշխատանքներ: Կարող ենք փաստել, որ այդ աշխատանքներն արդեն հաջողությամբ ավարտվել են: Արբանյակի բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, ունենք դրական արդյունքներ: Արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 26-ին կայացած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը:
ԲՏԱ նախարարի խոսքով, աշխատանքներ են իրականացվում արբանյակի կառավարումը Հայաստանից իրականացնելու ուղղությամբ։ «Աշխատում ենք կառավարման կենտրոնի կառուցման վրա և մոտ ժամանակներում արդեն Հայաստան կժամանի աշխատանքային խումբ, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքներով: Սարքավորումների մեծ մասը ներկրվել է Հայաստան»,-տեղեկացրեց Խաչատրյանը: Նրա հավաստմամբ, կառավարման կենտրոնը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ տեղի մասնագետների միջոցով: «Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն էր: Գործընթացին մասնակցելու առումով բավականին մեծ հետաքրքրություն կա հայաստանյան ընկերությունների կողմից. 10-ից ավելի ընկերություններ մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել »,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Խաչատրյանը նշեց, որ կառավարության կողմից ծրագրին աջակցելու նպատակը տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն է, և այս առումով հայկական մի շարք ընկերություններ պատրաստակամություն են հայտնել յուրաքանչյուրն իր ոլորտով աջակցելու ծրագրին։

RA Minister of High-tech Industry Robert Khachatryan, astrophysicist Garik Israelyan, General Director of ‘SATLANTIS’ Company Juan T. Hernan and head of ‘SATLANTIS’ company’s Armenian projects Javier Ojanguren gave a press conference at Holiday Inn Hotel of Yerevan, Armenia
SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին նշեց, որ Հայաստանը հնարավորություն ունի արբանյակն ամբողջությամբ կառավարել սեփական ուժերով: «Եթե համեմատելու լինենք, Հայաստանը ոչ թե Մերսեդես է գնել, այլ ստեղծել է գործարանը, որը կարտադրի այդ Մերսեդեսը»,-ռազմավարական տեսլականի մասին խոսելիս ասաց նա:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ