Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Բժշկի, բուժաշխատողի հանդեպ բռնության ցանկացած դրսևորում որևէ արդարացում կամ բացատրություն չի կարող ունենալ և այն հարիր չէ մեր հասարակությանը
Բացարձակ կողմնակից չեմ, որ քննարկվի, թե ինչու է տեղի ունեցել այս միջադեպը, առավել ևս կնոջ, առավել ևս երեխայի ներկայությամբ: Իմ հարգանքի և կարեկցանքի խոսքերն եմ արտահայտում բժշկի հանդեպ, որը շարունակել է երեխային բուժօգնություն ցուցաբերել, իսկ տեղի ունեցածը պետք է լինի իրավապահների տիրույթում և հասարակական պարսավանքի արժանանա, համընդհանուր ուժերով հեռացվեն նման երևույթները մեր ժողովրդի կենցաղից, մեր մշակույթից: Նման դեպքերի պատճառ են հանդիսանում հասարակության մեջ առկա խորը հոգեբանական խնդիրները, որոնք պարբերաբար նման զազրելի դրսևորումներ են ունենում:
Կարդացեք նաև
Բժշկի օրինակը, երբ բուժօգնություն է տրամադրել երեխային՝ չնայած իր հանդեպ կատարված վիրավորական, վտանգավոր կեցվածքին, օրինակելի է ապագա բժիշկների, ուսանողների համար:
Հատուկ շնորհակալություն հայտնեցի նաև անվտանգության աշխատակիցներին, որոնք պատերազմից հետո վերադառնալով աշխատել են համալսարանական հիվանդանոցում և խիզախություն են դրսևորել՝ պաշտպանելով բժիշկներին և երեխաներին:
ԵՊԲՀ-ի կողմից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության մանկաբույժ Կարինե Թադևոսյանին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պահպանության ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սարգսյանին և հերթափոխային տեսուչ Ֆրունզ Մխիթարյանին շնորհակալագրեր հանձնեցի անձնվեր, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար: