Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանի՝ հակահարձակման օպերացիայի մտահղացման մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին ու ստացել հավանություն․ Արսեն Սարդարյան

Նոյեմբեր 18,2022 16:13

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հակահարձակման օպերացիայի մտահղացման մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես գերագույն հրամանատար եւ ստացել հավանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ Նա ասաց, որ տվյալներ չունի՝ արդյոք այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է Հարությունյանի՝ հակահարձակման օպերացիային հավանություն տալուն, ապա փաստաբանն ասաց․ «Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը թե ԳՇ պետի կողմից, թե գերագույն հրամանատարի կողմից կլիներ սխալ, որովհետեւ այդ պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալներն այդ որոշումը կայացնելու, եւ եթե այս որոշմամբ հակահարվածը ներքեւի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր ամբողջ պատերազմի առումով»։

Անդրադառնալով մեղադրանքի մեկ այլ դրվագին, ըստ որի հաշվի չի առնվել, որ հակահարձակման ժամանակ հակաօդային պաշտպանությունը բավարար չէ, Սարդարյանն ասաց՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ հայկական կողմը դեռեւս ունեցել է համապատասխան քանակի հակաօդային հարձակման տեխնիկա, որն ուղեկցել է հակահարձակման գործողությունները․ «Այդ օրը խոցվել է հակառակորդի 15 ԱԹՍ եւ սա արդեն ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք այդ ոլորտում բավականին լուրջ սպառազինություն այս գործողություններում։ Մեղադրանքում գրվում է, որ գիշերային պայմանները չեն օգտագործվել, բայց գիշերային պայմաններն ինչպես օգտագործվեն, եթե մեր զրահատեխնիկան չունի համապատասխան գիշերային հագեցված տեխնիկա, որպեսզի կարողանա մարտ վարել գիշերային պայմաններում։ Այսինքն, գիշերն այդ տեխնիկան հանես, լույսերը վառի, կդառնա շատ հարմար թիրախ, դա ռազմական սխալ կլիներ։ Հակառակը, ճիշտ է արել, որ լուսաբացին է հակահարձակումը սկսել»։

Մեղադրանքում նշվում է, որ այդ հատվածում օպերացիայի ժամանակ զորքի երկու թեւերի փոխհամագործակցությունը չի կազմակերպվել, մեր զինված ուժերը մարտի մեջ են մտել ժամանակագրական առումով ոչ ճիշտ պահերին։ Այս առնչությամբ փաստաբանն ասաց, որ այդ հաշվարկն արել է Գլխավոր շտաբը, եւ շատ ճիշտ  հաշվարկ է եղել, թե երկու թեւերը երբ պետք է ելման կետից դուրս գային, որպեսզի ճիշտ պահին սկսեին ռազմական գործողությունները. «Ի սկզբանե ռազմական գործողությունները՝ թե աջ, թե ձախ թեւերում ճիշտ ժամանակին սկսվել են։ Ընթացքում արդեն ռազմական գործողությունների որոշակի փուլում աջ թեւը հրաժարվել է առաջ գնալ։ Այս տվյալը ստացվել է հրամանատարից այն ժամանակ, երբ ձախ թեւում մենք արդեն հասած ենք եղել Ջաբրայիլ-Հորադիզ մայրուղուն, որը պահելը եղել է հակահարձակման կարեւոր նպատակ։ Եթե այս մայրուղում կարողանայինք ամրանայինք եւ հակառակորդին թիկունքից կտրեինք, օպերացիան նպատակին հասած կլիներ»։

Սարդարյանը ներկայացնելով քրգործով մեկ այլ դրվագին՝ նահանջ հրամանին,  ասաց, որ ձախակողմյան թեւը հասել էր Հորադիզ-Ջաբրայիլ, որտեղ պետք էր մեր տեխնիկան ամրացնել, դիրքերը վերցնել, բայց դիրքերը չեն ամրացել, տեղում դա չի կազմակերպվել, որոշ ժամանակ հետո դիմել են հրամանատարին, ասել, որ զորքի մարտական ոգին ընկած է եւ նպատակահարմար է նահանջել․ «Հրամանատարի համապատասխան առաջին իսկ զեկույցի հիման վրա թույլ է տրվել նահանջել, նաեւ հաշվի առնելով, որ աջակողմյան թեւն առաջ չի գնում»։

Մեղադրանքում նաեւ նշված է, որ Ջալալ Հարությունյանը նախապես չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը։ Այս առնչությամբ փաստաբանն ասաց․ «Բանակի հրամանատա՞րը պետք է գնա զորամասի ներսում զրահատեխնիկան հատ-հատ ստուգի՞։ Օպերացիայից առաջ ներկայացվել են տվյալներ, որ 99 % մակարդակի է եղել տեխնիկան։ Տեխնիկայի խափանման համար պատասխանատուն Ջալալ Հարությունյանը չէ, պատասխանատուներ այլ տեղ է պետք փնտրել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930