Այսօր «Այլընտրանքային նախագծեր» խումբը «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում քննարկում էր կազմակերպել՝ «Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ մի կողմից քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում հանրային, քաղաքական գործիչների նկատմամբ, մյուս կողմից՝ սահմռկեցուցիչ հանցագործությունների ենք ականատես լինում հանրային կյանքում. «Մի քանի օր առաջ բոլորս ցնցվեցինք Պեմզաշենում տեղի ունեցած զարհուրելի ծանր հանցագործություններից, դրանից առաջ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել ու 4 երիտասարդի կյանք էր խլել, այնուհետեւ լսեցինք լուր պատերազմում մահացած սպայի կնոջ ինքնասպանության մասին ու այսպես անվերջ կարելի է թվարկել: Այսինքն, հասարակության մեջ կուտակվել է ագրեսիա, որը դուրս է մղվում տարբեր հանցագործությունների միջոցով»:
Հարցին՝ ինչպե՞ս է լինում, որ իրավապահները անընդհատ լարվածության մթնոլորտ են ստեղծում հասարակության մեջ՝ փաստաբան, իրավունքի մասնագետ Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ 24 ժամ սենսացիաների մեջ ենք. «Հասել ենք նրան, որ մեր զինվորների գնդակահարությունը խրամատի մեջ եւս դասվեց այս սենսացիաների շարքին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ քաղաքական կամք ունի այս իշխող խումբը՝ ամեն կերպ մնալ իշխանության, կյանքի փորձ ունեն փողով հոդված գրել, կարճ սենսացիա ստեղծել ու լարված պահել: Գործեր հարուցում են, մարդկանց ձերբակալում, կալանավորում են, բայց դրա հետ միասին մենք չունենք օրինակ, որ մեկը դատապարտվի, կամ մեկը շատ երկար եւ անհույս կալանքի տակ մնա: Այս կապիտուլյանտը, որն անցել է քրեակատարողական հիմնարկներով, շատ լավ հասկանում է, որ մարդը վախի մեջ է, քանի կալանավորված է, քանի իր ճակատագիրն իր համար անհայտ է: Նա չի թողնում ինչ-որ մեկը դատապարտյալ դառնա: Հիմա լուրեր կտարածեն, իրենց բլոգերների միջոցով կհայհոյեն, հասարակության աչքում կգցեն, բայց, ես չգիտեմ՝ լավ է, թե վատ է, բայց այս իշխանությունը ունակ չէ ռեպրեսիա անելու, որովհետեւ ռեպրեսիայի համար խելք է պետք, չունեն: Աստված այդպես է իրենց ստեղծել: Մեր պետությունը դարձել է աբսուրդի թատրոն, պետականություն չունենք ու գոյատեւում ենք զուտ այն պատճառով, որ մեր հարեւանները չեն ուզում մեզ զավթեն»:
Կարդացեք նաև
Աթանեսյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքին ու ելքը սահմանափակելուն՝ որակելով այն ծիծաղելի. «Անգամ դատախազի որոշումը, որով մեղադրյալ է ներգրավել, կայացված է նոյեմբերի 16-ով, այն մեզ տվել են նոյեմբերի 16-ին, ժամը 20-ին: Ելքը փակել են գիշերը ժամը 3-ին: Գիշերվա 3-ին զանգահարել եմ քննիչին, ասում եմ՝ ինչո՞ւ եք մարդու ելքը փակել, ձեր անունն են տալիս, ասում է՝ դատախազը որոշում է կայացրել: Այդ ե՞րբ կայացրեց՝ 00:01-ի՞ն, հենց ժամը խփեց՝ կայացրե՞ց: Քննիչն էլ քնած էր, իրենց կատարածուներին էլ են վատ վիճակում դնում: Զանգել են ասել են՝ փակեք, փակել են, տղամարդկություն չունեն դա ասեն, թե ինչ-որ չար հաշվարկ կա: Միգուցե շիզոֆրենիկ նոպայի հետեւանքով են փակել, կամ միգուցե ասեն մեզ, որ Աշոտյանը գնալու էր այնտեղ Արցախը վաճառելու, մենք էլ դեմն առանք: Մի հատ պարզաբանում տվեք այդ ամեն ինչին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից