Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Արսեն Սարդարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց քրեական գործից որոշ հանգամանքներ։ Նա ասաց, որ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից՝ առաջինը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած հակառակորդի հարձակման հետեւանքով տեղի ունեցած կորուստներին։
Առաջին դրվագով հակահարձակման վերաբերյալ մեղադրանքի համաձայն՝ Ջալալ Հարությունյանը նախաձեռնել է հակահարձակման օպերացիա այն պայմաններում, ինչպես ներկայացրեց փաստաբանը, երբ ուժերի հարաբերակցությունը իբր եղել է 1/5-ի՝ հօգուտ հակառակորդի․ «Այսինքն, առերեւույթ մենք հնարավորություն չենք ունեցել հաջողություն ունենալ, եւ իբր հակառակորդի ուժերի այդպիսի առավելության պայմաններում՝ մեր գործողությունները հակասում էին մեր նորմատիվ իրավական ակտերին»։
Սարդարյանի վստահեցմամբ՝ հակահարձակման այդ օպերացիան եղել է գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված է եղել, այսինքն, դեռեւս տարիներ առաջ մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր, ամենաբարձր մակարդակով, որոնց համաձայն, հակառակորդի կողմից հարավային հատվածում՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը․ «Այսինքն, այս քայլը նախապես ծրագրավորված, համապատասխան փաստաթղթերով եկած քայլ է եղել։ Երբ այդ ծրագիրը կազմվել է, այդ նույն ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելության մասին, ընդհանուր առմամբ՝ 1/2,4 հարաբերակցությամբ։ Այսինքն, մեր պետությունն այս ոլորտում ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի երկուսը՝ չորսի առավելության պայմաններում հարավային հատվածում ներթափանցելու դեպքում պետք է կատարվի հակահարված եւ թշնամու թիկունքի սնուցումը կանխելու աջակցություն տրվի։ Այս փաստաթղթին հասանելիություն ունեցող անձանց կողմից այս հարցը բարձրացվել է, որ ժամանակն է կատարել հակահարվածը, եւ այդ ժամանակվա տվյալները, որն ունեցել է Ջալալ Հարությունյանը, եղել է այն, ինչ եղել է մինչ այդ գծագրերը կազմելիս։ Այսինքն, 1/2,4 -ի հարաբերակցությունն է եղել իր մոտ։ Պատերազմն ավարտվում է, դրանից ամիսներ հետո փորձագետները հաշվարկներ են անում ու ասում՝ 1/5 հարաբերակցություն է եղել։ Ենթադրենք, որ փորձագետների տվյալները ճիշտ են, մենք ինչպե՞ս ենք մեղադրում հոկտեմբերի 7-ի գործողության համար անձին, այնպիսի տվյալով, որը կարող էր հասու լինել ամիսներ անց»։
Փաստաբանի խոսքով՝ հարձակման կոնկրետ ուղղությամբ հակառակորդը չի ունեցել մեր նկատմամբ առավելություն, իսկ երբ ասում են՝ եղել է 1/2,4 հարաբերակցությամբ կամ 1/ 5 հարաբերակցությամբ առավելություն, դա վերաբերում է ընդհանուր ուժերի հարաբերակցությանը։
Կարդացեք նաև
«Բայց խոսքը գնում է Հորադիզ -Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուն։ Այդ ուղղությամբ ունեցել ենք հետախուզական տվյալներ, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, արդյունքում հստակ տվյալներ է ունեցել հրամանատարը, ըստ որի՝ մենք առավելություն ենք ունեցել։ Այսինք, մեր ռեզերվային ուժերը, որը կարող էր ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ուժեղ են, քան այդ տարածքում տեղակայված հակառակորդի ուժերը։ Այս հակահարվածն, իրականում, ունեցել է բավականին լավ արդյունքներ։ Այսօր ներկայացնում են, թե կորուստներ են եղել, հաջողությամբ չի պսակվել, բայց վերջնանպատակն այդ մայրուղում պետք է ամրանային մեր ուժերը եւ հակառակորդի սնուցումը կտրեին։ Հակառակորդը հարյուրավոր զոհեր է ունեցել այդ օպերացիայի ժամանակ։ Մեր ընդհանուր զոհերի քանակը, տարբեր հաշվարկներով, 12-20 զինծառայող է եղել։ Հակահարձակման ժամանակ 16 հայ զինվոր ենք շրջափակումից հանել, հակառակորդի զինտեխնիկա ենք գրավել»։
Փաստաբանի ներկայացմամբ՝ ձախակողմյան հատվածում մեր զինված ուժերը հասել են Ջաբրայիլ-Հորադիզ մայրուղուն եւ այնտեղ չեն ամրացել տարբեր պատճառներով՝ առանցքային կարեւոր հրամանատարը տեղ չի հասել, եւ դա պայմանավորված է եղել, նրա խոսքով՝ զրահատեխնիկայի խափանմամբ․ «Չի խոցվել, արտառոց բան չի եղել, բայց տեղ չի հասել։ Սա ինչպե՞ս կարելի է կապել ընդհանուր բանակի հրամանատարի գործողությունների հետ»։ Նա ասաց, որ հարավային թեւում հակառակորդի մեծ քանակություն ոչնչացնելուց հետո, երբ մեր յուրայիններն այդ հատվածում ունեցել են ընդամենը 3 զոհ, հակառակորդն ունեցել է 150-ից 250 զոհ։ Հետագա մարտերի ընթացքում աջ թեւի առաջխաղացումը կանգնել է, հրամանատարից թույլտվություն չի եղել կանգնելու, ըստ օպերացիայի՝ իրենց առաջ պետք է շարժվեին»։
Արսեն Սարդարյանի խոսքով՝ քրեական գործում կան աղբյուրներ, որոնց համակցությունը ցույց է տալիս, որ նշված հատվածում հակառակորդը թույլ է պաշտպանվում, չի սպասում հարձակում թիկունքից․ «Հարձակման ուղղությամբ մենք ունեցել ենք առավելություն։ Չի կարող հարձակման օպերացիա լինի ու զոհեր չլինեն, բայց զոհերի հետ կապված վարույթ իրականացնող մարմինը անհասկանալի իրավական հիմնավորումներով գտնում է, որ անփութություն է դրսեւորել Ջալալ Հարությունյանը։ Եթե մենք ասում ենք՝ հակառակորդը շատ ուժեղ էր, պետք էր որեւէ հարձակման չանցնեինք, բայց այդտեղ հակառակորդը թույլ է եղել, մենք կարող էինք ջարդել իրենց ոգին՝ եթե ներքին օղակներում կազմակերպվածությունը ավելի բարձր լիներ, ինչի համար Ջալալ Հարությունյանը պատասխանատու չէ։ Բայց եթե շարժվում են այն կանխավարկածով, որ հակառակորդը շատ ուժեղ էր ու որեւէ բան հնարավոր չէր անել, այդ դեպքում ինչո՞ւ էինք դիմադրում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ