Ermenihaber. Տրապիզոնի Արևելյան Սևծովյան արտահանողների միության փոխնախագահ Ահմեդ Համդի Գյուրդողանը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հայտարարելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու համար այլևս ժամանակ չպետք է կորցնել՝ Գյուրդողանը նշել է, որ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Ադրբեջանի հետ։ Բացի այդ էլ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով տարածաշրջանի արտահանողները ցանկանում են Հայաստանի հետ մշտական առևտուր սկսել։ Նա շեշտել է, որ առևտուրը չունի կրոն, լեզու և ռասա։
«Ադրբեջանի և Հայաստանի ունեցած խնդիրների պատճառով շուրջ 30 տարի մեր սահմանային անցակետերը փակ են և առևտուրը կասեցված է։ Քանի որ Հայաստանը սկսել է հետ քաշվել իր բռնագրաված տարածքներից և Ադրբեջանի հետ երկխոսությանն ուղղված քայլեր արել, ճիշտ քայլ կլինի, որ արդեն մենք էլ, հարաբերությունները մեղմացնելով կարգավորում սկսենք և բացենք առևտրի ճանապարհը»։
Գյուրդողանի համոզմամբ, եթե ապահովվի այն, որ թուրք և հայ գործարարները կարողանան ուղղակիորեն առևտրային հարաբերություններ հաստատել, երկու երկրներն էլ կկարողանան իրենց առևտրային գործունեությունն ավելի շահավետ դարձնել։ Ըստ նրա՝ գործող արգելքների վերացումը թե՛ զբոսաշրջության, թե՛ կատարվելիք ուղղակի առևտրի շնորհիվ դրականորեն կնպաստի երկու երկրների բարօրության բարձրացմանը և կովկասյան բոլոր տնտեսությունները դրական ազդեցություն կկրեն այդ իրավիճակից։
Կարդացեք նաև
«Ավելին՝ Հայաստանի հետ մեր սահմանային անցակետերի բացումը գործառութայնություն (ֆունցիոնալություն) կհաղորդի տարածաշրջանի մեր նավահանգիստներին և Սարպիի սահմանային անցակետի բեռը կթեթևացնի։ Պետք է անուշադրության չմատնվի նաև այն ակտիվ դերը, որը թուրք կապալառուները խաղալու են Ղարաբաղի վերակառուցման գործընթացում»։
Ամփոփելով իր դիտարկումները՝ Գյուրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ կհրաժարվեն «քորել չորացած վերքերը» ու այդ վերքերի փոխարեն կկառուցեն երկխոսություն և առևտրային կամուրջներ։