Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ հայտարարելով, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրային շրջանառության աճից և նոր հնարավորություններ է տեսնում հեռանկարում:
«Մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ փոխադարձ առևտրի ծավալները վերադառնում են նախահամավարակային մակարդակին, և ես համոզված եմ, որ այդ դինամիկան կպահպանվի»,- ասել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ այս բանակցությունները կնպաստեն, որպեսզի ավելանա փոխադարձ առևտուրը: Ըստ Ալիևի՝ լավ դինամիկա է նկատվում նաև բեռնափոխադրումների ոլորտում:
«Ինչ վերաբերում է տարանցիկ փոխադրումներին, մենք հասնում ենք ռեկորդային ցուցանիշի»,- ասել է Ալիևը: Նա հավաստիացրել է, որ այդ ոլորտում գործակցությունը կավելանա ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ հարևան երկրների ներգրավվածության հաշվին: «Տրանսպորտային միջանցքների, առաջին հերթին «Հյուսիս-Հարավի» ներուժի ամրապնդումը շահավետ կլինի բոլոր երկրների համար և կբացի նոր հեռանկարներ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ալիևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկու երկրների նախագահները «լավ տոն և նոր դինամիկա են հաղորդել հարաբերություններին»: Նա հիշեցրել է, որ պետության ղեկավարները բազմիցս հանդիպել են ընթացիկ տարում, իսկ հինգշաբթի հերթական անգամ զրուցել են հեռախոսով: «Նախագահները տոն են հաղորդում մեր հարաբերությունների ամբողջ սպեկտրին»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ