Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահը Նուման Քուրթուլմուշը կուսակցական ժողովում անդրադարձել է Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին:
Քուրթուլմուշը, նշելով, որ որոշ երկրներ համաձայն չեն Ադրբեջանի հողերի «ազատագրման» հետ, ասել է. «Ֆրանսիան խոսում է Ադրբեջանի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախ դու խոսիր այն մասին, թե արդյոք 30 տարվա ընթացքում, որպես Մինսկի եռանախագահության անդամ, դու գեթ մի նախադասություն ասացիր, որը կլուծեր Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը։ Գոնե մեկ քայլ արե՞լ եք»:
Քուրթուլմուշը Ֆրանսիային մեղադրել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի» վրա աչք փակելու և Հայաստանին նպաստող քաղաքական նախադրյալներ ապահովելու մեջ։
«Այժմ էլ եկել Ադրբեջանի դեմ այսպիսի բաներ եք խոսում: Այսպես չի լինի: Ղարաբաղը Ադրբեջան է ու մինչև երկնային դատաստանի օրն էլ Ադրբեջանինն է լինելու»,- եզրափակել է Նուման Քուրթուլմուշը։