Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնազրկվել է Շիրակի դատախազը․ մինչ այդ համակարգից հեռացել էր նրա տեղակալը

Նոյեմբեր 18,2022 13:48

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով այսօր պաշտոններից ազատվել են Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը (լուսանկարում) եւ Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը: Նրանք երկուսն էլ աշխատանքից ազատման դիմումներ են գրել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը Շիրակի դատախազ էր նշանակվել 2021 թվականի հունվարի 29-ից, համարվում էր նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրերից։

Հիշեցնենք, որ Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կողմից մամուլում հնչեցրած աղմկահարույց հայտարարության հիման վրա։

Կարապետ Պողոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Գուրգեն Գրիգորյանին մեղադրելով իր նկատմամբ շինծու քրգործեր հարուցելու մեջ։ Կարապետ Պողոսյանը նաև հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջում դատախազին քննադատության ենթարկելուց հետո նա քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարքներ առաջարկելով։

Նկատենք, որ մինչ Գուրգեն Գրիգորյանի ազատվելը, պաշտոնազրկվել էր նաև նրա տեղակալ Հովհաննես Պողոսյանը։ Նա չէր հաղթահարել դատախազների հերթական ատեստացիան։

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը միջնորդել էր նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրել, սակայն Հովհաննես Պողոսյանը մերժել էր՝ սեփական դիմումի համաձայն հեռանալով համակարգից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930