«Չեմ հոգնի կրկնել, որ STARMUS-ը ավելի որակյալ եւ ավելի երկարատեւ ազդեցություն է ունենալու գիտության, մշակույթի, կրթության ոլորտների վրա, քանի որ այստեղ հյուրընկալեցինք տասնյակ անվանի գիտնականների եւ Նոբելյան մրցանակակիրների, որոնք օրեր շարունակ դասախոսություններով հանդես եկան, շքեղ միջոցառումներ իրականացրին մարզահամերգային համալիրում»,- STARMUS փառատոնի ամփոփման ասուլիսին նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ, կարողացել են լուծել իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները:
Փառատոնի համահիմնադիր, անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի աջակիցներին՝ մասնավորապես ՀՀ կառավարությանը, միջազգային հովանավորներին ու STARMUS-ի տեղական թիմին: «Ինձ թվում է մեր բոլոր 6 STARMUS-ների մեջ սա ամենալավ ու դինամիկ թիմն էր: Կարծում եմ՝ նաեւ այս անգամ ամենալավն էր փոխազդեցությունը՝ դասախոսների, ուսանողների, տեղական մեդիայի հետ: Ես զարմացած էի, թե ինչքան շատ հարցազրույցներ ունեցանք դասախոսների, երաժիշտների հետ, շատ դրական ազդակներ եղան… Բոլոր կողները շահեցին: Թե STARMUS -ը շատ գոհ մնաց, թե լրագրողները եւ ամենակարեւորը՝ մեր բուհերն եւ ուսանողները:
Մեր բուհերը երբեք նման բան չէին տեսել, որ մեկ շաբաթվա ընթացքում օրվա մեջ մի քանի անգամ այդքան շատ դասախոսություններ լինեն աշխարհահռչակ գիտնականների կողմից: Բավականին խիտ ծրագիր էր, ու այն կազմակերպելը, որ համերգները, միջոցառումները, դասախոսությունները լավ անցնեն, շատ բարդ էր: Բայց ինչպես ասում են՝ բախտավոր աստղի տակ ծնված լինելը հենց STARMUS-ի մասին է: Ի դեպ, ես Հայաստան գալուց առաջ բոլորին ասում էի՝ կտեսնեք, ամենալավ փառատոնն է լինելու»,-ասաց Գարիկ Իսրայելյանը:
Նրա ձեւակերպմամբ, բավականին նյութ է հավաքվել, ամեն ինչ նկարահանվել է՝ դասախոսություններ, համերգներ: «Այս ամբողջը դեռ պետք է մարսենք… Հայաստանին վաղուց պետք էր նման մեծ, «թափ տվող» տոն, ուրախ եմ, որ մեզ օգնեցին այն իրականացնել»,-ասաց փառատոնի համահիմնադիրը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ