Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը:
Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով:
1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 1004 աշակերտ:
Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլի արդյունքներով 8 մարզաձևերից առաջին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքը (845 միավոր): Երկրորդ տեղում Շիրակի մարզն է (670 միավոր), իսկ 3-րդ տեղում՝ Կոտայքի մարզը (655 միավոր):
Կարդացեք նաև
Սպարտակիադայի ծրագրով վերջինն անցկացվել են վոլեյբոլի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները՝ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում և «Դինամո» մարզահամալիրում:
Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են միջմարզային մրցումներում հաղթող ճանաչված ուժեղագույն թիմերը՝ Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի մարզերի, Երևան քաղաքի տղաների և ՀՀ Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության աղջիկների դպրոցական թիմերը:
Աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը:
Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցը, երրորդ լավագույն արդյունքը ցուցաբերել է Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի թիմը:
1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, իսկ մարզիկները՝ հավաստագրերով և մեդալներով:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ