Տեսնես ընդդիմությունը, կամ գոնե նրա ներկայացուցիչներն առանձին-առանձին, իրենք իրենց մեկուսի եղած ժամանակ տալի՞ս են հետեւյալ հարցերը.
Արդյոք ընդդիմությունն ինքն իրեն մեղավոր համարո՞ւմ է, որ տեւական ժամանակ անպտուղ ծածկեց դաշտը՝ այդպիսով թույլ չտալով պետության անվտանգության տեսակետից անհրաժեշտ իրոք ընդդիմության ձեւավորումը. այժմ քաղաքական դաշտի ավերակ դարձած այս հատվածն այսպես էլ բաց կմնա՝ արդեն մեկ-երկու ամսից մեր պետության շուրջը հնարավոր ծավալվելիք գլխապտույտ իրադարձություններից առաջ, Փաշինյանի ասած շրջանակային պայմանագրի ստորագրմանն ընդառաջ։ Ի՞նչ է անելու այդպիսի պայմանագրի ստորագրման եւ խորհրդարանում վավերացման դեպքում՝ հատուկ կարծի՞ք է հայտնելու, 20 րոպե ընդմիջում է վերցնելո՞ւ, եւ ի՞նչ։
Արդյոք ընդդիմությունը հետեւություններ արե՞լ է, թե ինչո՞ւ շատ մարդիկ չգնացին իր հետեւից, եւ հանրությանը պիտակավորելով, հիմար եւ անխելք, ժեխ ու զոմբի անվանելով, ի՞նչ կարգի անվերադարձ արժեզրկեց իրեն, ի՞նչ կարգի շատերին ստիպեց՝ երես թեքել իրենից եւ բոլոր հնարավոր ընդդիմություններից։
Արդյոք ընդդիմության լիդերներից ոմանք հասկացան կամ գոնե հիմա՞ են հետեւություն արել, որ իրենց հրապարակային ներկայությունը ընդդիմության արժեզրկման առաջնային գործոններից էր, քանի որ իրենց մեջ ուժ չգտան ապակենտրոն, նոր մարդկանցով, իրենց տարատեսակ շահերով չկաշկանդված ընդդիմություն ստեղծելու, իրենցից ազատելու հանրության տեսադաշտը։ Թե՞ հենց այդպիսին էր տարածաշրջանով զբաղվողների պատվերը՝ այնպես արժեզրկել ընդդիմությանը, որ երկար ժամանակ իշխանությունն այլընտրանք չունենա, որն էլ գերազանց իրագործվեց նախ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, իսկ հետո ընդդիմադիր զանգվածների ներուժը իրենց ոչ համարժեք հանրահավաքներով մաշեցնելով։
Կարդացեք նաև
Այդքան խորքերից ամեն ինչ «հասկացող» ընդդիմադիրների մեջ մի՞թե չգտնվեցին այն մարդիկ, որոնք խորհուրդ կտային հատկապես օլիգարխի ու թալանողի՝ ժողովրդի պատկերացրած կերպարին համապատասխանողներին՝ հեռու մնալ ընդդիմությունից եւ տասնյակ տարիներով բոլորից հիասթափված հանրությանը զզվանքի գերդոզայի չհասցնել՝ այդպիսով ձախողելով Հայաստանի, Արցախի անվտանգության խնդիրները բարձրացնող ազդեցիկ ընդդիմության առկայությունը, բոլորին եւ երկիրը մերկ թողնելով նաեւ ապագա մարտահրավերների դիմաց։
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: