Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան ռազմական օգնությունը Բաքվին աններելի է. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 18,2022 11:16

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 16-ին լսումներ էր անցկացրել Հարավային Կովկասում Վաշինգտոնի վարած քաղաքականության գնահատման վերաբերյալ։ Տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հնչեցին ինչպես իրականությունը ներկայացնող, այնպես էլ մտահոգիչ հայտարարություններ եւ գնահատականներ։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն իր ելույթի ընթացքում հերթական անգամ բարձրաձայնեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայության դեմ Ադրբեջանի գործած հանցանքների մասին։

«2020 թ. ադրբեջանական պատերազմի հետեւանքով 100 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում, 6500-ը զոհվել են։ Այսօր Արցախում հայերը դեռ բախվում են հումանիտար ճգնաժամի, այդ թվում՝ էթնիկ զտումների սպառնալիքի։ Հենց այդ պատճառով ես պնդում եմ ավելի շատ մարդասիրական օգնություն ցուցաբերել, քանի որ ԱՄՆ-ի օգնությունը, իմ կարծիքով, բավարար չի եղել։ Բացի այդ, մենք մինչ այժմ անվտանգության ոլորտում աջակցություն ենք ցուցաբերում Ադրբեջանին։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն արդարացնել անվտանգության ոլորտում աջակցությունը կամ այլ օգնությունը Բաքվի ռեժիմին։ Դա աններելի է: Ես անձամբ դա անբարոյական եմ համարում»,- ասել է նա՝ հավելելով, որ պետական դեպարտամենտը կրկին ու կրկին բացառություն է անում Ադրբեջանի համար։ Մասնավորապես, 600 հազար դոլար է խնդրել Ադրբեջանի ռազմական պատրաստության ծրագրի համար, որը ներառում է մասնագիտական ռազմական պատրաստություն: Մենենդեսը կարեւորում է, որ խաղաղության համաձայնագիրը չհանգեցնի Արցախում էթնիկ զտումների. «Սա նշանակում է լուծել հումանիտար ճգնաժամը, պատասխանատվության կանչել այս տարածաշրջանում բռնությունների համար պատասխանատուներին»։

Մտահոգության տեղիք է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այն պնդումը, թե 2020 թ. պատերազմի ընթացքում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին հաղորդումներ չի տեսել։ Նման կերպ է արտահայտվել Ռիկերը, երբ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ունի՞, արդյոք, տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործման մասին։ Դրան ի պատասխան սենատորն արձագանքել է. «Սպիտակ ֆոսֆորի մասին շատ են հաղորդել: Ցավոք, այն մատակարարվել է Ուկրաինայի կողմից»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ամերիկյան վարչակազմը ձեռնարկում է քայլեր ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների դաժան սպանության եւ խոշտանգումների տեսագրությունները գնահատելու համար, Ռիկերը խուսափողական պատասխանել է, թե պետք է դեռ «ստուգել»։

Էներգետիկ գործընկեր լինելուց բացի Ադրբեջանը հետաքրքրում է Միացյալ Նահանգներին նաեւ Իրանի դեմ հարթակ լինելու առումով։ «Ուզում եմ հստակ հայտարարել, որ կարծում եմ՝ օգնությունը (Ադրբեջանին.- խմբ.) բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, հետեւաբար մենք տրամադրում ենք ոչ մահաբեր սարքավորումներ սահմանների պաշտպանության համար, ինչը նշանակալի արդյունքներ է տալիս Իրանի կողմից անդրազգային սպառնալիքներին դիմակայելու եւ դեպի Հարավային Կովկաս, Ռուսաստան ու Եվրոպա մաքսանենգ ճանապարհները փակելու հարցում։ Ուստի ես հավատում եմ, որ սա կաջակցի սահմանների անվտանգությանը»,- ասել է Քարեն Դոնֆրիդը։ Սակայն տեղին է սենատոր Մենենդեսի թերահավատությունը Դոնֆրիդի այն վստահեցմանը, թե ամերիկյան կառավարության «տրամադրած ցանկացած օգնություն չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։ Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը չի թուլացրել իր ագրեսիվ հռետորաբանությունը եւ բազմիցս խախտել է ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, այլեւ պարբերաբար հարձակումներ է գործել ՀՀ-ի եւ ԱՀ-ի ուղղությամբ։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930