ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները թույլ չտվեցին Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) երիտասարդական թևի ներկայացուցիչներին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով նստացույց իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ:
Նրանք վրդովված են՝ այդ ինչպե՞ս է, որ չակերտավոր ընդդիմության ներկայացուցիչներին ոստիկանները թույլ են տվել այստեղ ցույցեր անել, իսկ իրենց ստիպում են, որ տեղափոխվեն այլ վայր: Ոստիկանները պատճառաբանում են, որ նախարարությունում այս պահին կարևոր միջոցառում է ընթանում: Այս պահին ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ տասնյակ ոստիկաններ կան: Իսկ նստացույցի պատրաստվող քաղաքացիներն արդեն նախարարության շենքի դիմացի մայթին են՝ ոստիկանների պահանջով:
Նստացույցին պատրաստվող երիտասարդներից Քրիստինեն ասաց. «Ոստիկաններն առաջին իսկ պահից մեր իրավունքն են ոտնահարում: Մենք իրավունք ունենք մեր հողի վրա մեր ակցիան իրականացնել որտեղ ցանկանում ենք: Սա երիտասարդական թևի նախաձեռնությունն է: Սա ինքնաբուխ որոշում չէ, մենք մեր պլանավորած ձևով եկել ենք մեր ուզած գործողությունն իրականացնենք: Մենք ցանկանում ենք` այստեղ, իրենք ուղարկում են ծածուկ տեղ: Մեր ակցիայից, մեր թվաքանակից կախված է Վարուժանի կյանքը: Մենք չենք կարող գլխավոր հարցը մի կողմ դնել ու իրենց ուզածն անել: Այս իշխանությունները հասնում են նրան, ինչ իրենց Պուտին հայրիկին է հարկավոր: Հեռացնում են անձնվեր մարդկանց: Մենք հասկանում ենք՝ ինչ արժեք ունի Վարուժանը, մենք անգամ ուշացրինք այս գործողությունները»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ երեկ ԱԺԲ-ն հայտարարություն տարածեց, որում Վարուժան Ավետիսյանի հիվանդության հետ կապված, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի պայմաններում կատարված բոլոր հնարավոր տեսակի հետազոտությունները, ցավոք սրտի, հիվանդության հստակ հարուցիչը այդպես էլ հայտնաբերել չեն կարողացել, ինչի պատճառով Վարուժան Ավետիսյանի վերջնական ախտորոշումը և բուժումը Հայաստանի պայմաններում դարձել է անհնար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ