Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իշխանականները փորձեցին ներկայացնել PR լույսի ներքո, թե իրենց իշխանությունը մտահոգ է բանակի ու բանակում ծառայողների վիճակով եւ միջոցներ չի խնայելու, որ նրանք ապրեն բարեկեցիկ կյանքով, չաղ ու բախտավոր։ Վերջին պատերազմում բանակի ողնաշարը կոտրած եւ հայրենի սահմաններն անպաշտպան թողած իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ արեցին, թե իրենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գործընթացի մեկնարկն են տվել։
Մինչդեռ սրանով լավագույն դեպքում շարունակում են նախկինների սկսած գործը, բնականաբար՝ որոշակի խմբագրմամբ, կամ, ավելի ճիշտ՝ «Ես եմ» եւ Պատիվ ունեմ» ծրագրերի սինթեզ են արել եւ անունը դրել «Պաշտպան հայրենյաց»։
«Հենակետ վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Վիտալի Մանգասարյանի գնահատմամբ՝ իշխանությունների առաջարկած ծրագրի գաղափարը նույնն է, ինչ նախկինում է ներդրվել, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են դրանք ներկայացնելու, ինչպես է պրոպագանդվելու, որ չարժանանա «Ես եմ»-ի ու «Պատիվ ունեմ»-ի ճակատագրին․ «Ես ուզում եմ անդրադառնալ նախարար Պապիկյանի այն հայտարարությանը, թե «Ես եմ» ծրագրով այսօր ընդամենը 2 պայմանագրային է մնացել ծառայության մեջ, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ, պիտի ներկայացվի՝ ինչ չեն արել, որ ընդամենը 2 հոգի է մնացել։ Ես շատ լավ հիշում եմ, որ երբ ծրագիրը ներդրվեց, ավելի քան 500 շահառու ուներ։ Իմ կարծիքով՝ դեր է խաղացել այն, որ այդ ծրագիրը պատշաճ կարգով չի լուսաբանվել։ Ես նայել եմ «Զինուժի» վերջին տարիների գրեթե բոլոր հաղորդումները եւ չեմ հանդիպել, որ պատշաճ կարգով նույնիսկ «Զինուժը» լուսաբանի, էլ չեմ խոսում, որ պետք է էլ ավելի հնչեղ ամբիոններից խոսեին այդ մասին, որպեսզի հնարավոր լիներ քարոզել եւ մարդկանց հավաքագրել այդ ծրագրի շրջանակներում։ Հիմա եթե նույն տրամաբանությամբ պետք է շարունակենք, ապա չեմ կարող շատ մեծ հույսեր կապել»։
Մանգասարյանն ասաց նաեւ, որ այդ ծրագրին զուգահեռ դպրոցներում պետք է ուժեղացնել ռազմագիտության դասերը, զինկոմիսարիատների ինստիտուտը, ՏԻՄ մարմինների հետ կապված որոշակի գործառույթներ պետք է ներդնել, որ հնարավոր լինի արդյունք գրանցել․ «Պետք է ավելի շատ գաղափարական աշխատանքներ տանել, քան ֆինանսական գրավչություն առաջարկել։ Իհարկե, ֆինանսականը շատ կարեւոր է, բայց ոչ պակաս կարեւոր է գաղափարական քարոզչությունը»։
Կարդացեք նաև
Փորձագետը հիշեցրեց այս իշխանությունների կողմից աշխարհազորի ինստիտուտի ներդրման գործընթացը, որը ձախողվեց հենց իր նշած պատճառով․ «Երբ այդ ինստիտուտը ներդրվում էր, բուռն քննարկվում էր, աժիոտաժ էր, ինչպես հիմա, բայց կարճ ժամանակ անց ի՞նչ պարզվեց, անգամ նախագծի հեղինակներն են հիմա բացասաբար արտահայտվում, որ լավ գաղափար չէր, եւ խոսակցություններ կան, որ աշխարհազորի ինստիտուտն ընդհանրապես ուզում են վերափոխել ու մեկ այլ ձեւաչափ մտածել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: