Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերների հետ պետք է անկեղծ լինել

Նոյեմբեր 18,2022 10:00

2011-13 թվականներին Հայաստանը վստահորեն գնում էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Վարվում էին ինտենսիվ բանակցություններ, կատարվում էին համապատասխան օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխություններ, որոշակի բարելավում էր տեղի ունենում նաեւ ժողովրդավարության առումով: Մասնավորապես, ազատ էին արձակվել 2008-ի մարտի 1-ից հետո ազատազրկված քաղբանտարկյալները:

Այդ ընթացքում Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները եւ քաղաքագետները մեր երկրի ու ժողովրդի մասին տհաճ, վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս: Հիշո՞ւմ եք՝ հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ էին հագցրել՝ հատուկ նվաստացնելու նպատակով:

Եվ հանկարծ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, եւ, հետեւաբար, ԵՄ-ի հետ չի ստորագրի ասոցացման պայմանագիրը: Ռուսաստանյան հակահայկական քարոզչությունը միանգամից կտրվեց, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ, կարելի է ասել, դասախոսությամբ, որի հիմնական միտքը հետեւյալն էր՝ մեր նման պետությունները պարտավոր են անկեղծ լինել բոլոր գործընկերների հետ: Այսինքն, եթե ինչ-որ գործընթաց է տեղի ունենում X բեւեռի հետ, ապա Y բեւեռն այդ մասին պետք է սպառիչ տեղեկություններ ունենա, եւ՝ հակառակը:

Եթե այդ դիտարկումը ճիշտ էր 2013 թվականին, երբ այդ բեւեռներն իրարից հեռու էին, բայց միմյանց դեմ չէին հակամարտում, ապա երիցս ճիշտ է այսօր: Այն, ինչ տեղի է ունեցել ինը տարի առաջ, գուցե եւ ինչ-որ առումով մոռացվել է: Բայց հուսամ՝ դժվար չէ թարմացնել մարդկանց հիշողությունն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, ներառյալ՝ Ադրբեջանի հերթական հարձակումը:

Հայաստանում պաշտոնապես հայտարարվեց, որ կա մի երկիր, որը մեզնից զենքի փող է վերցրել, բայց զենքը չի տալիս: Որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները, որ այստեղ վխտում են այլ երկրի գործակալները: Բացի այդ «Հավաստի Աղբյուրը» պնդում էր, որ Ռուսաստանի նպատակն է Հայաստանը մտցնել իր կազմի մեջ կամ՝ պարտադրել դառնալ միութենական պետության անդամ: Ի դեպ, կարծում եմ, որ բոլոր այդ պնդումները ճիշտ են, բացի՝ գործակալներից: Ռուսաստանը կարիք չունի այստեղ գործակալներ պահելու, քանի որ իր քաղաքականությունը պարտադրելու բազմաթիվ լծակներ ունի:

Այս երկու ամիսների ընթացքում Կրեմլի քարոզիչները դարձյալ տհաճ գնահատականներ էին տալիս մեր երկրին ու դրա ղեկավարությանը:

Եվ հանկարծ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո ամեն ինչ կտրուկ ավարտվեց՝ ներառյալ փոխադարձ մեղադրանքները: Իսկ հետեւությունը կարելի է նույնն անել՝ բոլոր գործընկերների հետ պետք է անկեղծ լինել:

… Չեմ զարմանա, որ նոյեմբերի 23-ին՝ Պուտինի՝ Հայաստան կատարվելիք այցելությունից հետո, Զատուլինը կդադարի լինել մեր երկրում անցանկալի անձ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930