Այս տարվա մայիսի 11-ին Ալվարդ Մ.-ին դատարաններից մեկը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքում, դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30.000 ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, որպես խափանման միջոց, ուժի մեջ է, քանի որ օգոստոսի 22-ից նրա պաշտպանի բողոքը վերաքննիչ դատարանում է: Երեկ նշանակվել էր բողոքի քննությունը: Դատարանների տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ պաշտպանական կողմը պահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել, հռչակել Ալվարդ Մ.-ի անմեղությունը: Բարձրագույն կրթությամբ այս կինն աշխատում է որպես բուժքույր: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Ըստ դատարանում նրա տված ցուցմունքի, 2021թ. հունվարի 5-ին, սկեսուրին տեսակցելու նպատակով Ալվարդ Մ.-ն գնացել է մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ իր բջջային հեռախոսով լուսանկարել է իրեն անծանոթ մի կնոջ, բաժանմունքի անվտանգության աշխատակցին, քանի որ «վերջինս տարբերություն է դրել քաղաքացիների մեջ, այն է՝ իր ամուսնուն դիմակ չունենալու պատճառով չի թողել մուտք գործել բաժանմունք, իսկ նույն ընթացքում իր դիմաց կանգնած կինը եղել է առանց դիմակի»: Երբ ամբաստանյալը մտել է բժշկի աշխատասենյակ, մի քանի րոպե անց նույն սենյակ է մտել անծանոթ կինը, ով պահանջել է ջնջել լուսանկարը: Անծանոթուհին փորձել է նրա ձեռքից վերցնել բջջային հեռախոսը, սկսվել է վիճաբանություն: Ամբաստանյալն իր ցուցմունքում ասել էր՝ ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածք պատճառելու նպատակ ու դիտավորություն չի ունեցել:
Տուժող անծանոթուհին հաստատել է, որ նշված օրը իսկապես առանց դիմակ կրելու կանգնած է եղել բաժանմունքում, զրուցել անվտանգության աշխատակցի հետ, ու այդ ժամանակ իրենց դիմաց կանգնած է եղել մի կին, ով իր բջջային հեռախոսով լուսանկարել է իրենց. «Հորդորել է ջնջել լուսանկարը, սակայն այդ կինը հայտնել է, որ լուսանկարն իրեն անհրաժեշտ է, որպես ապացույց, քանի որ անվտանգության աշխատակիցն իր ամուսնուն դիմակ չունենալու պատճառով չի թողել ներս մտնել բաժանմունք, իսկ ինքն առանց դիմակի է»:
Այդ կինը մտել է բժշկի սենյակ, ապա մտել է ինքը, եւ պատմել է առանց թույլտվության լուսանկարելու մասին: Ամբաստանյալը, ըստ տուժողի, ասել է՝ չի ջնջելու լուսանկարը՝ նորից հանելով բջջային հեռախոսը. «Լուսանկարողը քաշքշել ու հրել է իրեն, որ դուրս հանի սենյակից, որի ժամանակ ծալել է իր ձեռքերի մատները, ինչից զգացել է ֆիզիկական ցավ ու աջ ձեռքի շրջանում մարմնական վնասվածք է ստացել՝ ճանկռվածքի տեսքով: …Միմյանց քաշքշելու հետեւանքով ձեռքերի շրջանում ստացել է քերծվածքներ»:
Կարդացեք նաև
Բուժհաստատության անվտանգության աշխատակիցը, ով ճանաչվել էր վկա, հայտնել է, որ դեպքի օրը մի տղամարդու չի թողել ներս մտնել բաժանմունք՝ դիմակ չունենալու պատճառով, իսկ նրա կինը բաժանմունքի միջանցքում բջջային հեռախոսով լուսանկարել է իրեն ու անծանոթ կնոջ, ով դիմակ չուներ: Բժշկի առանձնասենյակի հետ կապված էլ այս վկան հայտնել էր. «Երբ լսել է, որ բժիշկը ձայն է տվել իրեն, անմիջապես գնացել է սենյակ ու տեսել, որ կանայք հրում ու քաշքշում են միմյանց: Փորձել է միջամտել, ինքը չի թողել, որ լուսանկարող կինը հարվածի անծանոթ կնոջը, վերջինս դուրս է եկել սենյակից… միջանցքում հասարակական կարգ չի խախտվել, խառնաշփոթ չի եղել…»:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից տրված եզրակացության, տուժողի աջ դաստակի շրջանի քերծվածքների ձեւով, պատճառվել են բութ առարկա/ներ/ով, հնարավոր է նշված ժամկետում, որոնք առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
17.11.2022