Լրահոս
Օրվա լրահոսը

Արքայական շունչ Բուդապեշտում՝ գումարած հնագույն մետրո

Նոյեմբեր 18,2022 13:30

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը գեղեցիկ քաղաք է՝ արքայական շնչով։ Ցավոք, շատ շենքեր անխնամ են, շատերի վրա գրված՝ վաճառվում է։ Սրճարաններից, ռեստորաններից, խանութներից շատերի դռները փակ են, իսկ որտեղ բաց է, ասեղ գցելու տեղ չկա։

Բուդապեշտի մշակութային հուշարձանների ու շենքերի մեծ մասը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։

Բուդապեշտի այցեքարտերից մեկն էլ նրա գեղեցիկ կամուրջներն են։ Դանուբ գետը քաղաքը բաժանում է երկու մասի՝ Բուդայի եւ Պեշտի։ Դանուբի Բուդա ափին գտնվում է Ձկնորսական բաստիոնը։ Վերջինս Սուրբ Իշտվանի բազիլիկի, հունգարական պառլամենտի շենքի եւ արքայական տաճարի հետ միասին համարվում է Հունգարիայի ճարտարապետական գլուխգործոցը։


Յուրահատուկ հմայք ունի նաեւ Բուդապեշտի հնագույն մետրոն, որը ներկված է դեղին գույնով եւ ունի հատուկ անվանում՝ Foldalatti: Գնացքներն այստեղ սկսել են երեւալ 1896 թվականից։

Սա, ըստ էության, նաեւ կոնտինենտալ Եվրոպայի ամենահին մետրոն է։ Մետրոյի դեղին M1 գիծը այսօր էլ գործում է, կայարանները տարբերվում են այլ կայարաններից:


2005թ. Դանուբի ափին յուրօրինակ հուշարձան է կանգնեցվել Հոլոքոստի զոհերի հիշատակին։ Հուշարձանը բաղկացած է բազմաթիվ կոշիկներից: Հունգարիայի նացիստական կուսակցության անդամները պատերազմի ժամանակ մասսայաբար գնդակահարել են հրեաներին, ու փամփուշտներ խնայելու նպատակով նույնիսկ մի քանի մարդու կապել են իրար ու կրակել միայն մեկի վրա, ընկնողը իր հետ քարշ էր տալիս նաեւ մյուսներին, եւ այդպես բոլորը խեղդվում էին գետում։ Դանուբի ափ բերված հրեաներին հրամայված է եղել հանել կոշիկները։ Հուշարձանի մոտ միշտ մարդիկ կան, իսկ կոշիկների վրա ծաղիկներ են դրված։


Հավելենք, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել էին 1992թ. փետրվարին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են՝ կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու՝ հունգարական իշխանությունների որոշման հետ:

Նշենք, որ հայերը Հունգարիայում հաստատվել են միջնադարից, իսկ հայկական եկեղեցիներն այստեղ կառուցվել են դեռեւս 11-14-րդ դարերում։ Ներկայումս մեր հայրենակիցները հիմնականում ապրում են Բուդապեշտում եւ Վեսպրեմում:



Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Բուդապեշտ-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
17.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930