Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ մնացել, Անդոն ու Ումուդը, նոր տղեքին էլ խփեցին…»

Նոյեմբեր 18,2022 13:00

Անդրանիկ Վարդանյանն անմահացավ այլ տղաների հետ՝ հայրենիքը պաշտպանելիս

Անդրանիկ Վարդանյանը ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանում։ Սովորել է թիվ 184 ավագ դպրոցում։ Դեռ մանկուց սիրում էր երգել, նաեւ ֆուտբոլասեր էր։ Ընկերությունը նրա համար անգնահատելի արժեք էր եւ այդպիսով նա կարողացավ ձեւավորել իր` որպես ընկերոջ, անխոչընդոտ սկզբունքներն ու որակները։ Անդրանիկին ճանաչողներն ասում են` հասուն մտածելակերպ ուներ, գիտեր` ինչ եւ ինչպես անել, որ ճիշտ ու բարեկիրթ լինի։ Նա պրպտող էր, ստեղծող, փոքր տարիքից արդեն գումար վաստակելու ուղիներ էր փնտրում։
Անդրանիկն իր տարեկիցների հետ 2021 թվականի ձմռանն էր զորակոչվել բանակ: Երազում էր ծառայության մասին: Սկզբնական շրջանում ծառայել է Վայքում, այնուհետեւ տեղափոխել են Ջերմուկի զորամաս։


Մեկ տարի առաջ այս օրերին արձակուրդ էր եկել, ընկերների հետ գնացել Եռաբլուր եւ խորը ափսոսանք հայտնել, որ այդչափ մեծանում է Եռաբլուրը։ Իսկ մի քանի վայրկյան հետո ընկերներին ասել. «Լավ, այդքան մի մտածեք, մյուս տարի այս օրերին ինձ համար եք այստեղ գալու»։

Նպատակներից մեկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Գինեգործություն» բաժնում ուսումը շարունակելն ու գինետուն բացելն էր։ Նաեւ ցանկանում էր շրջել աշխարհի տարբեր երկրներում եւ ներկայացնել հայկական գինին։ Ավաղ, Անդրանիկի նպատակների հասնելու ճանապարհն ընդհատվեց սույն թվականի սեպտեմբերի 13-ին։ Անդրանիկի մարտական ընկերը` Արմենը, այդ օրը զանգել էր տուն եւ հորը հայտնել. «Ես եմ մնացել, Անդոն ու Ումուդը, նոր տղեքին էլ խփեցին, լավ մնացեք»։ Այսպես նրանք պայքար մղեցին ազատ ու անկախ հայրենիքի համար եւ անմահացան` իրենց սրտում պահելով հայրենապաշտության պատգամը։

Հորեղբայրների հետ զրուցելիս ասել էր` «Արամ ախպորս նման հերոս եմ դառնալու ու տուն գամ»։ Իսկ Արամը կարոտով է հիշում Անդրանիկին, նրա պարզությունն ու անմիջականությունը։ «Իսկական եղբայր էր, միշտ կողքիս, միշտ անկաշկանդ ու քայլերի մեջ համաչափ»,-ասում է Արամը։

Անդրանիկ Վարդանյանը, ինչպես շատ հայորդիներ, հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքին` հանուն հայրենիքի չխնայել անգամ կյանքը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930