Թե ինչպես Պուտինին ռուսական հեռուստաեթերում մեջբերած, ապա՝ պաշտոնազրկված, Մարիայի Զախարովայի մտերմուհին ВДНХ-ում «ԼՂ-ում ագրեսիայի մասին» ֆիլմ ներկայացրեց
Անցյալ շաբաթ Ռուսաստանում մի իրադարձություն տեղի ունեցավ, որը ոչ այնքան զարմանալի ու անսպասելի էր՝ որպես փաստ, այլ ապշեցնող էր Հայաստանում դրա գրեթե աննկատ անցնելու հանգամանքը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն իր խորին հիասթափությունը հայտնեց Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի՝ ВДНХ-ի տարածքում նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիեւայի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ: «Այս գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը եւ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ ջանքերի խափանմանը, որի նպատակը ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում երկու երկրների համայնքների միջեւ հետագա լարվածություն թույլ չտալն էր:
«Շուշա, դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմն ադրբեջանական քարոզչության հերթական հակահայկական արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքի, ՀՀ-ում եւ ԼՂ-ում նրանց հայրենակիցների զգացմունքները, այլեւ ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար, որին շարունակում են կրթել ատելության եւ այլատյացության սերմանմամբ»,- ասվում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Նաեւ հավելում էին. «Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թ. պատերազմի, այնպես էլ 2021-2022 թթ. հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների եւ նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի ընթացքում գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասում շարունակվող վանդալիզմի գործողությունները»: Ինչ վերաբերում է ВДНХ-ի ընտրությունը, որպես միջոցառման վայր, ապա այս առիթով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նշել էր. «Ադրբեջանական կողմը միտումնավոր ընտրել է իր տաղավարի վայրը՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության գաղափարները, այլ նաեւ այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին ընտրել խաղաղության եւ բարիդրացիության տանող ճանապարհը»։
Պաշտոնական Երեւանն իր մասով անդրադարձավ վերոնշյալ միջոցառմանը: Իսկ ինչո՞ւ են լուռ հայաստանյան այն շրջանակները, որոնք խիստ մտահոգված են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով, ավելին՝ ամենշաբաթյա ռեժիմով ազդարարում են, որ «չար» ուժերը ձգտում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել, եւ դրա «առաջամարտիկը», նրանց փոխանցմամբ, հենց Հայաստանն է: Իսկ Ռուսաստանում աճող ադրբեջանական ազդեցության խնդրով նրանք անհանգստացած չե՞ն, թե՞ այդ երեւույթը սպառնալիք չեն համարում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:
Տարիներ առաջ, երբ Հայաստանի ոչ բարեկամ երկրներում էին տեղի ունենում ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կազմակերպած միջոցառումները, այդ փաստերի հետ, ինչ-որ առումով, դեռ կարելի էր համակերպվել, որովհետեւ այդ երկրների իշխանությունները չէին թաքցնում Ալիեւի ռեժիմի հետ իրենց սերտ հարաբերությունները: Իսկ ի՞նչ է, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում նման միջոցառումները պետք է արդեն որպես օրինաչափություն ընդունե՞լ…
Մի՞թե հայաստանցի «մեկնաբաններին» ու «մտածողներին», որոնք ցանկացած իրադարձության վերաբերյալ իրենց պարտքն են համարում համացանցում իրենց «գնահատականով» հայ ժողովրդին «լուսավորել»՝ այդ իրադարձությունն այնքան էլ կարեւոր չի թվում: Այն, որ Ռուսաստանի «հայամետները» ասելիք չունեն, դա դեռ պարզ է, նրանք Ռուսաստանի ներսում, բնական է, որ չեն կարող հարց հնչեցնել, թե՝ «ո՞ւմ թույլտվությամբ է նման միջոցառում անցկացվում Ռուսաստանում», կամ՝ «ո՞վ է ձգտում սեպ խրել հայ-ռուսական դարավոր հարաբերություններում»:
Մինչդեռ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ու հայ-ռուսական հավատարմությամբ իրավամբ մտահոգ փորձագետներն ու մեկնաբանները, եթե փորձեին փորփրել, ուշագրավ հանգամանքներ կպարզեին:
Այսպես, ВДНХ-ի ցուցահանդեսի ադրբեջանական տաղավարում կայացել է ֆիլմի ցուցադրություն՝ «նվիրված նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրվան եւ Ադրբեջանի պետական դրոշի օրվան»։ Ֆիլմը ցուցադրվել է ադրբեջաներեն լեզվով։ Միջոցառումը, բոլորի համար էլ պարզ է, որ առանց «վերեւների» թույլտվության չէր կարող անցկացվել:
Իսկ ովքե՞ր էին «ներքեւներում»՝ կազմակերպիչները… Միջոցառման ընթացքում ֆիլմը ներկայացրել է «Ադրբեջան» տաղավարի տնօրեն Սաադաթ Կադիրովան: Հիշո՞ւմ եք Սաադաթ Կադիրովային: Նա ազգությամբ ադրբեջանցի լրագրող է՝ միջազգային հարցերով, ադրբեջանցի քաղաքագետ, իսկ Ռուսաստանում առավելապես հայտնի էր նախկինում իր զբաղեցրած պաշտոնով. Սաադաթ Կադիրովան ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապի բաժնի ղեկավարն էր: Նա 44-օրյա պատերազմի օրերին հյուրընկալվել էր «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդմանը, եւ իր ելույթի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արդարացնելիս՝ համեմատեց Վլադիմիր Պուտինի` «սատկացնել զուգարաններում» արտահայտության հետ: Պուտինը, հիշեցնենք, որ ժամանակին այս արտահայտությունն օգտագործել էր ահաբեկիչների դեմ պայքարի համատեքստում։
Այս ելույթից հետո Սաադաթ Կադիրովային հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից, սակայն «պաշտոնազրկված» ադրբեջանցու ու ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովայի մտերմությունն, ինչպես երեւում է, բավական ամուր հիմքերի վրա է: Զախարովան պաշտոնազրկված Կադիրովային «մխիթարում» էր՝ նրա հետ թեյի սեղանի շուրջ լուսանկարներ հրապարակելով համացանցում, այժմ էլ, փաստորեն, Կադիրովայի «սուրը» կտրում է աջ ու ձախ՝ Ռուսաստանում, ВДНХ-ում… Իսկ դա նույն Կադիրովան է, որը դեռ պաշտոնավարման ժամանակ, ռուսական հեռուստաեթերի թոք-շոուներից մեկի ընթացքում սպառնաց, թե՝ «Ռուսաստանն իր տարածքում կարող է մի քանի ԼՂ խնդիր էլ ունենալ…»:
Եթե մինչ այժմ խոսվել ու գրվել է Ռուսաստանում ադրբեջանական ահռելի չափերի հասնող ազդեցության մասին՝ փորձագետների, խմբագիրների ու լրագրողների նկատմամբ, ապա ռուսական իշխանական-քաղաքական էլիտայի կաշկանդվածության մասին բոլորը շարունակում են «խորիմաստ» լռություն պահպանել:
Եվ ցավալին այն է, որ այդպիսի լռությունը պահպանվում է նաեւ Հայաստանում, մինչդեռ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում անվստահության աստիճանը վերացնելու հարցում պետք է սկսել հենց այս հարցի պարզաբանումից, ոչ թե այս երեւույթը հետեւողականորեն անտեսելուց:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 17.11.2022