Լրահոս
Օրվա լրահոսը

Ափսոս՝ կարճվեց, շատ դատավորներ էին սպասում ՍԴ-ում քննությանը

Նոյեմբեր 18,2022 14:30

Սահմանադրական դատարան դիմած Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ 2018 թվականին Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) հանձնարարական է տվել Հայաստանին՝ վերացնել արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավունքը՝ այն որակելով որպես դատավորի անկախության հետ անհամատեղելի, իսկ արդեն 2019 թվականի դեկտեմբերին իր գնահատման զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են վերացնել արդարադատության նախարարի կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ձեւավորմանը զուգահեռ, եւ որ այդ հարցում նախարարի դերը գործնականում սահմանափակված է հստակ նախանշված օբյեկտիվ չափանիշներով: Սակայն մեր պարբերաբար լուսաբանումներից շատերդ տեսնում եք, որ ԲԴԽ-ում հաճախակի են լսվում դատավորների դեմ գործեր՝ արդարադատության նախարարի միջնորդությունների հիման վրա: ՄԻՊ-ը նշել էր, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված է նաեւ արդարադատության նախարարը, ինչը, սակայն, համահունչ չէ դատավորի անկախության սկզբունքին:

2022 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վերջինս խնդրել էր որոշել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրության 4-րդ, 61-րդ հոդվածներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ 79-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների, ձեւավորման կարգի, գործունեության սկզբունքների վերաբերյալ վերլուծություններն ու մեջբերումները, սակայն, ըստ Սահմանադրական դատարանի, այլ էին:

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ հանգել էր նրան, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են, մասնավորապես, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի եւ դատարանի առջեւ բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը:

Ըստ դիմողի՝ օրենսգրքի վիճարկվող դրույթը հնարավորություն չի ընձեռում սխալների ուղղման նպատակով բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ կայացրած որոշումը: Ըստ էության, վարույթ հարուցողի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը՝ որպես կարգապահական վարույթ հարուցելու հիմք, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին. առկա է «իր լիազորություններն իրականացնելիս» եւ «ինքնուրույն հայտնաբերում» ձեւակերպումների անորոշություն։

Դիմումատուն նշել էր, որ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պարագայում ժամանակավորապես թույլատրել է արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ներդրումը՝ որպես դատական կորպորատիվիզմի դեմ պայքարի միջոց, սակայն ընդգծել է. «դրա կիրառությունը պետք է լինի ժամանակավոր, զուսպ եւ խիստ հիմնավոր»:

Սակայն հարցադրումը հետեւյալն էր. ըստ դիմումատուի՝ պարզ չէ, թե ինչպես պետք է հասկանալ «իր լիազորություններն իրականացնելիս» ձեւակերպումը. արդյո՞ք դա ներառում է վարույթ հարուցող մարմնի կողմից դրսեւորվող ցանկացած գործունեության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները, թե՞ միայն այնպիսիք, որոնք վարույթ հարուցող մարմինը հայտնաբերել է որոշակի գործունեություն կատարելու արդյունքում։ Վկայակոչելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները՝ դիմողը գտնում էր, որ առկա օրենսդրական կարգավորումները, իրենց անկատարությամբ եւ որոշակիության բացակայությամբ չեն համապատասխանում ինչպես անկախ դիտորդի, այնպես էլ իրավահարաբերությունների սուբյեկտների համար այդ կարգավորումների կանխատեսելիության չափանիշին եւ կարող են տարակերպ մեկնաբանվել։

Սահմանադրական դատարանի նոյեմբերի 8-ի արձանագրմամբ՝ դիմողի կողմից չի առաջադրվել Սահմանադրական դատարանին ենթակա հարց, հետեւաբար, աշխատակարգային որոշմամբ գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ-ի սահմանադրական կարգավիճակին անդրադարձել է դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ, մասնավորապես նշելով. «… հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի գործառութային դերը դատարանների եւ դատավորների անկախության ապահովման հարցում, ինչպես նաեւ դատական համակարգում ներառված մյուս դատարանների սահմանադրական գործառույթները, Սահմանադրության գործող կարգավորումների պայմաններում որեւէ իրավական հնարավորություն առկա չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին այդ մարմնի որոշումների իրավաչափությունը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության որեւէ մարմնում վերանայելու համար: Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին: Նման պայմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող որեւէ ատյանի դատարան վերանայի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը եւ դրա արդյունքում կայացնի նոր դատական ակտ, օրինակ՝ բեկանի եւ փոփոխի Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան կայացրած որոշումը, ապա վերջնարդյունքում կստացվի, որ հենց այդ ատյանի դատարանն էլ լուծեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930