Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Փոխվարչապետը հանդիպման սկզբում, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Սենատի կողմից ընդունված բանաձևի համար և ընդգծել դրա կարևորությունը:
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նաև այսօր ստորագրված՝ Զարգացման ֆրանսիական գործակալության՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը՝ ընդգծելով ֆինանսական աջակցությունից զատ Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ներդրման կարևորությունը:
Կարդացեք նաև
Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ԶՖԳ-ի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ հաշվի առնելով նաև առաջիկայում ԶՖԳ-ի կողմից Հայաստանում գրասենյակի բացման կարևորությունը:
ՀՀ կառավարություն