Բազմիցս նշվել է, որ մենք բանակցում ենք, խնդիրը մի քանի ուղղություն ունի, խոսքը գնում է թե խաղաղության պայմանագրի, թե մեր սահմանների սահմանազատման, թե ճանապարհային ուղիների բացման, նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և անվտանգության ապահովման մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Լրագրողի այն հարցին, թե մարդկանց անվտանգության մասին է խոսվում, բայց Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մնացել, փոխարտգործնախարարը նշեց. «Իսկ չե՞ք կարծում, որ մարդու իրավունքների, անվտանգության մասն են նաև ձեր նշած հանգամանքները: Իրավիճակի փոփոխություն է, եթե ասում եք նախկինում բանակցվել է այս կամ այն տարբերակը, իսկ նախկինում երբ է եղել, որ Հայաստանը ենթարկվի ռազմական հարձակման, ներխուժեն Ջերմուկ, Սոթք և այլ տարածքներ»:
Դիտարկմանը, թե կա՞ն արդյոք, արևմուտքի և Ռուսաստանի ներկայացրած խաղաղության պայմանագրի փաստաթղթային տարբերակներ՝ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ոչ ռուսական, ոչ ամերիկյան, ոչ ֆրանսիական, ոչ Եվրամիության տարբերակ չկա. կա հայկական տարբերակ և ադրբեջանական տարբերակ:
Կարդացեք նաև
«Այսինքն այլ փաստաթուղթ չի ստացվել որևէ մայրաքաղաքից: Այժմյան բանակցությունները ԱԳ նախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ: Բանակցվում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ