Քաջարան համայնքի ավագանու նոյեմբերի 17-ի հատուկ նիստն այս անգամ համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացնելու փոխարեն Քաջարան քաղաքի մշակույթի պալատում էր կազմակերպվել։ Ավագանու 15 անդամից ներկա էին 12-ը, քվորումն ապահովված է, իսկ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից համայնքի բնակիչներին տրվող երդման մասին։ Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին կայացած Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 67 տոկոսը։
Ավագանու 15 մանդատից 10-ը ստացավ «Դեպի Միասնություն» դաշինքը, 1-ը՝ «Հանրապետություն» կուսակցությունն ու 4 մանդատ էլ բաժին ընկավ «Քաղաքացիական պայմանագրին»։
«Ստանձնելով Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն Քաջարան համայնքի բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին»,-հանդիսավոր երդվեց Մանվել Փարամազյանը:
Կարդացեք նաև
Այնուհետեւ համայնքի նորընտիր ղեկավարը երդման տեքստը հաստատեց ստորագրությամբ։ «Եւս մեկ անգամ, պատիվ ունեմ ստանձնելու` Քաջարան համայնքի ղեկավարի պարտականությունները, որը համարում եմ բարձր կոչում եւ պատասխանատվություն, վստահված առաքելություն եւ տիտղոս։ Պատասխանատվություն, որը ինձ վստահեց արժանապատիվ եւ քարից ու հողից հաց քամող քաջարանցին։ Այսօր` ես ճակատս պարզ եւ գլուխս բարձր, այս ամբիոնից իմ երախտագիտության խոսքն եմ հայտնում մեր համայնքի բնակչությանը` վստահության այդ մեծ քվեի համար»,-իր ուղերձում նշեց Մանվել Փարամազյանը։
Պատահական չէր, որ դաշինքը «Դեպի Միասնություն» անունն ունի, ու Մանվել Փարամազյանի խոսքով՝ միասնությունն այսօր շատ է պակասում մեզանում։ Դրա համար նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում Քաջարանի համայնքապետի թիմը միասնության քարոզ էր անում` հանուն միասնական Քաջարանի։ Մանվել Փարամազյանը շնորհակալ է հանուն այդ միասնության ջանքեր չխնայած եւ չխնայող ավագանու բոլոր թեկնածուներին, անդամներին՝ միասնական ու համայնքաշեն աշխատանք մաղթելով նորընտիր ավագանու կազմին։ «Քաջարանը մեր տունն է, մեր օջախը եւ այդ օջախի կրակը վառ պահելը` մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է։ Քաջարանցին միշտ արարել եւ աշխատել է արդար քրտինքով եւ միշտ փառք ու պատիվ բերել իր աշխատանքով` վաստակելով աշխատանքային, փառքի քաղաք անունը։ Ինչպես միշտ, այսուհետեւ էլ շարունակելու ենք միասին եւ համախմբված կյանքի կոչել համայնքաշեն նոր ծրագրեր, շարունակել ավարտին հասցնել կիսատ թողածները»,-ասաց Մանվել Փարամազյանը։
Համայնքի ղեկավարը շնորհակալ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը՝ համայնքային ծրագրերի իրականացման ու կյանքի կոչման առանցքային դերակատարության համար։ Փարամազյանը չմոռացավ ավագ սերնդի մեծանուն քաջարանցիներին եւ պատվավոր քաղաքացիներին` համայնքում բարի եւ գեղեցիկ ավանդույթներ թողնելու համար եւ հույս հայտնեց, որ սերունդները պիտի շարունակեն այդ ավանդույթները։
«Խոնարհումս` հայրենիքի համար անմնացորդ նվիրումով` 1990-ական թվականներից մինչեւ այսօր, արցախյան բոլոր պատերազմներում իրենց կյանքը չխնայած մեր քաջորդիներին եւ երախտագիտությունս երկրապահ կամավորականներին եւ աշխարհազորին։ Վստահ եմ, որ Քաջարանի տարեգրության մեջ փառահեղ նոր էջ կբացվի, որը մենք պետք է վավերացենք նոր հաղթանակներով, միասնությամբ եւ աննախադեպ առաջընթացով»,-ասաց Մանվել Փարամազյանն ու շարունակեց․ «Այստեղ է, որ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ իր նվիրվածության եւ պատրաստակամության համար»։
Մանվել Փարամազյանը ուզում է, որ քաջարանցու միասնական ոգին տարածվի հայ ազգի մեջ՝ընդգրկելով մեր երկրի սահմանները, ջախջախելով հայ ազգի խաղաղ ապրելու իրավունքը ոտնահարող ոսոխին: «Եւ չեմ վարանի կրկնել, որ անաչառ տարեգիրը մի օր կգրի՝ միասնության մեկնարկը տվեց Քաջարանը` 2022 թվականի սեպտեմբերի 25-ին»,-իր խոսքը եզրափակեց Մանվել Փարամազյանը։
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանն օրհնության խոսք հնչեցրեց օրվա խորհրդի առիթով։ «Թող Աստված օրհնի նրանց, որ կարողանան շենացնել մեր տունը, մեր բնօրրանը»,- ասաց տեր Մակար վարդապետը։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի երդմնակալության արարողությանը մասնակցեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը, գործարար Գարիկ Ղազարյանը, Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների պաշտոնատար անձինք, հոգեւորականներ, զինվորականներ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ