Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ի և ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարները Անկարայում. jam-news

Նոյեմբեր 17,2022 21:21

jam-news.  Շաբաթվա սկզբին Անկարայում հանդիպեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Կողմերից ոչ մեկը չհրապարակեց այդ հանդիպման մանրամասները, իսկ միջազգային լրատվամիջոցների մեծ մասը չանդրադարձավ այդ կարևոր իրադարձությանը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը ստվերել է հանդիպումը։ Դավադրության տեսաբանները, սակայն, վստահություն են հայտնում, որ նման հանդիպման նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքը, որը խլեց վեց մարդու կյանք, պատահական չէր։

Թուրքիան՝ որպես կամուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Միջազգային նոր իրականության մեջ, որը ստեղծվեց Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո, աշխարհի շատ տերություններ կողմնորոշվել են պատերազմող երկրների նկատմամբ իրենց դիրքորոշման հարցում։ Սակայն համաշխարհային քաղաքականության և տնտեսության տեսակետից որոշ կարևոր պետություններ գերադասել են մնալ «գորշ գոտում»։ Դրանցից ամենագլխավորը շատ առումներով Թուրքիան է:

Միջազգային ծանր պատժամիջոցների պատճառով Եվրոպայից վտարված ռուսական ընկերությունները տեղափոխվեցին Թուրքիա, առանց եվրոպական կրուիզների մնացած ռուսները որպես հանգստի վայր ընտրեցին թուրքական միջերկրածովյան հանգստավայրերը, Պուտինը Էրդողանին առաջարկեց արևմտյան երկրներ արտահանելու համար Ստամբուլի մոտ ստեղծել բնական գազի հանգույց։ Իսկ ամենակարևոր դետալն այն է, որ Թուրքիան ստանձնել է միջնորդի դեր շարունակվող պատերազմի կողմերի՝ ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջև։

Այս եզակի դիվանագիտական ​​ալիքի շնորհիվ աշխարհում հացահատիկի երկու խոշորագույն արտադրողները՝ Ուկրաինան և Ռուսաստանը, որոնք պատերազմում եմ իրար դեմ, սննդամթերքի արտահանման շուրջ բանակցություններ վարելու նպատակով հանդիպեցին Ստամբուլում, ինչը հսկայական դեր խաղաց «գլոբալ հարավի» երկրներում սովի կանխարգելման գործում:

Մարիուպոլում գերեվարված Ազովի գումարտակի ուկրաինացի մարտիկները ևս ազատ արձակվեցին Թուրքիայի միջնորդությամբ և ներկայումս ապրում են այս երկրում՝ մինչև պատերազմի ավարտը հայրենիք վերադառնալու իրավունք չունենալով։ Էրդողանի ջանքերի շնորհիվ հաջողվեց նրանց փոխանակել գերի ընկած ռուս զինծառայողների հետ։

Պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի առաջին մասշտաբային հանդիպումը կայացավ Անթալիայում. մարտ ամսին այստեղ բանակցություններ վարեցին երկու երկրների արտգործնախարարներ Կուլեբան և Լավրովը։

Իսկ հիմա՝ այն պահին, երբ աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունների միջև ուղիղ բախման հավանականությունն ամենամեծն է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր, երբ նրանց միջև գրեթե բոլոր դիվանագիտական ​​ուղիները դադարել են աշխատել, Թուրքիայի մայրաքաղաք Անկարան դարձել է կենսական կարևորության հանդիպման կենտրոն։

Ի՞նչ է քննարկվել Անկարայում

Նոյեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) միջնորդությամբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսը և նրա ռուս գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության (SVR) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հանդիպել են Անկարայում։

Հանդիպումից հետո ստացված տեղեկությունների համաձայն՝ այդ բանակցությունների հիմնական թեման եղել է միջուկային սպառնալիքի կարգավորումը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այս հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցին, որևէ հստակ բան չասաց, միայն նշեց, որ բանակցությունները կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Իսկ Վաշինգտոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ Նարիշկինի հետ զրույցում Բըրնսն անդրադարձել է ոչ միայն միջուկային զենքի թեմային, այլև փորձել է հասնել Ռուսաստանում ձերբակալված ամերիկացիների ազատ արձակմանը։

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը ձեռնպահ է մնացել Ուկրաինայի կողմից հանդես գալուց և պատերազմի հնարավոր արդյունքների վերաբերյալ առաջնային հարցեր լուծելուց։

Հաղորդագրության մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի հետ կապի պատասխանատու Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ հանդիպումը խաղաղության ուղղությամբ Թուրքիայի ղեկավարի քայլերից մեկն էր, և ապագայում էլ Թուրքիան կշարունակի գործել նույն կերպ։

Փորձագիտական ​​կարծիքներ

Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հայտնի թուրք հետազոտողներից մեկը՝ Հաքան Գյունեշը, մեկնաբանելով այս հանդիպումը, նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարների բանակցությունները ավանդական դիվանագիտության շարունակությունն են։ Նրա կարծիքով՝ այս պահին ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ը պատերազմը դադարեցնելու ցանկություն չունեն։ «Ռուսաստանը, փորձելով Եվրոպան թողնել առանց գազի և մոբիլիզացիայի հայտարարման միջոցով նոր ուժեր ուղարկելով առաջնագիծ, չի սկսի խաղաղ բանակցություններ, եթե մինչև գալիք ձմռան ավարտը որևէ նշանակալի արդյունք չգրանցի։ Իսկ նման հանդիպումները կրում են միայն կանխարգելիչ բնույթ՝ միջուկային պատերազմի վտանգը կանխելու համար»,— հավելել է Գյունեշը։

Ֆրանսիայում Թուրքիայի նախկին դեսպան, պաշտոնաթող դիվանագետ Ուլուչ Օզուլքերը նշել է, որ երկու խոշոր միջուկային տերությունների հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման վայրի ընտրությունը խոսում է երկու կողմերի համար Թուրքիայի կարևորության մասին։ «Այն փաստը, որ Ստամբուլում հացահատիկի գործարքի բանակցությունների շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկուկես ժամ անդադար խոսեց, խոսում է այն մասին, որ մնացած աշխարհից մեկուսացած Ռուսաստանի համար Թուրքիան ունի մեծ նշանակություն, մասնավորապես՝ սեփական դիրքորոշումները բացատրելու առումով»,— ընդգծել է դիվանագետը։

Ըստ Օզուլքերի՝ նախագահ Ջո Բայդենը, ով ստացել է հանրության անսպասելի մեծ աջակցությունը նախնական ընտրություններում, մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ինչպես չինական, այնպես էլ ռուսական կողմերի հետ, ինչը վկայում է այն մասին, որ Սպիտակ տունը լրջորեն է վերաբերվում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությանը։

Ահաբեկչություն Ստամբուլում և դավադրության տեսություններ

Թուրքիայում հավատարմագրված լրատվամիջոցների մեծ մասի կողմից գրեթե աննկատ մնաց Անկարայում ՌԴ և ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը, պատճառն, ըստ երևույթին, Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունն էր, որը խլեց վեց մարդու կյանք։

Անմասն չմնացին նաև դավադրության տեսաբանները։ Սոցցանցերի թուրքական հատվածում չափազանցված է ներկայացվում մի վարկած, որի համաձայն՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հիմնական նպատակը եղել է Անկարայում կայանալիք կարևոր հանդիպումից մարդկանց ուշադրությունը շեղելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930