Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական պետության» ռիսկային իրականությունը

Նոյեմբեր 17,2022 20:07

Վերջին շրջանում այդ քրոնիկոնը լցրել են իրավապահների, այսպես կոչված, «ուտեչկաները»։ Երբ դեռ չհարուցված քրեական գործերով, կամ հարուցված, բայց դեռևս չպարզված հանգամանքներով գործերով «մեր ունեցած տեղեկություններով» հայտարարվում է այս կամ այն քաղաքական կամ հանրային գործչի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդման մասին։

«Ուտեչկաներով» մենք իմանում ենք, որ պատրաստվում են մեկին կալանավորել, մյուսին՝ զրկել անձեռնմխելիությունից, երրորդին՝ արգելել երկրից ելքը։ Հետո այդ լուրերը իրականություն են դառնում։ Օդում մշտապես կախված է իրավական տեռորի ուրվականը։

Զուգահեռ իրականությունում իրական, շոշափելի հանցագործությունների աճ է։ Զուգահեռ իրականությունում սահմռկեցուցիչ մարդասպանություններ են, օրեցօր աճող ինքնասպանություններ, մարդկային կորուստներով ավտովթարներ։ Ես չեմ ակնարկում, որ սրանք անտեսանելի թելերով կապված են միմյանց հետ, բայց մի բան ակնհայտ է՝ ձևավորվել է բարոյալքված հանրային մթնոլորտ, որը չի կարող չունենալ սարսափելի հետևանքներ։

Ընդամենը երկու շաբաթ առաջ ծանր ավտովթարը խլեց չորս երիտասարդի կյանք։ Հետո Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս։ Մենք սկսեցինք մեղադրել հարևանին, որ որոշել էր «հայի պես» չխառնվել աղմուկին, հետո որոշեցինք, որ հայը չէր կարող նման դաժանությամբ սպանություն գործել, ու էլի ինչ-որ բաներում համոզեցինք ինքներս մեզ։ Դրանից մեկ օր անց լսեցինք սպանված սպայի կնոջ ինքնասպանության մասին։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել՝ ներառելով վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած ծանր դեպքերը։

2021 թվականին 2020-ի համեմատությամբ հանցագործություններն աճել են 14.3 տոկոսով, իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործություններն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5237 դեպքով։ Եվ թեև Դատախազությունը իր պարզաբանման մեջ նշել էր, որ արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ, բայց դրանից իրականությունը չի փոխվում։

Իրականությունը մնում է այն, որ մի կողմից տեղի է ունենում իրավական ռեպրեսիա, մյուս կողմից ակնհայտ է ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացումը, որը հանգեցնում է սահմռկեցուցիչ հանցագործությունների։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք​ սրա ակունքները, ապա հետևանքները լինելու են ողբերգական։

Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում դատաիրավական տեռորի մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին՝ ապօրինությունների դեմ պայքարի ժամանակ երբեք չառաջնորդվել քաղաքական նպատակահարմարությունով կամ քաղաքական նախասիրություններով։

Դատաիրավական ապօրինությունների դեմ պայքարը ուղղակի նշանակում է պայքարի ապօրինության դեմ, պայքար իրավական կամայականության դեմ։

Ցավոք, միշտ չէ, որ մենք խուսափեցինք այդ ծուղակից։

Այս հարցերին է, որ վաղը կանդրադառնանք Այլընտրանքային նախագծեր խմբի «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկման ընթացքում՝ իրավաբանների և հանրային գործիչների մասնակցությամբ։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930