Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք չի ցանկանում այդպես ապրել՝ ո՛չ դուք, ո՛չ ես, ո՛չ Հայաստանի ժողովուրդը, ո՛չ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Նրանք արժանի են ապրելու խաղաղ պայմաններում». Մենենդես

Նոյեմբեր 17,2022 18:48

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը ճնշում է գործադրում Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդի և դեսպան Ռիկերի վրա՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, 907 Բանաձևի կասեցման և բռնապետական Ադրբեջանի վրա աչք փակելու համար

Վաշինգտոն – Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) անդրադարձավ Արցախում հումանիտար ճգնաժամին, որտեղ հայերը բախվում են Ադրբեջանի կողմից ամենօրյա բռնության սպառնալիքներին։ Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը նաև կասկածի տակ դրեց Պետքարտուղարության կողմից ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի շարունակվող կասեցման ողջամտությունը ս.թ.-ի նոյեմբերի 16-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (SFRC) լսումների ժամանակ, որտեղ գնահատվեց ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդի և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիկերի հետ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Մենենդեսը հայտարարեց, որ «այս տարածաշրջանի ժողովուրդը չի ցանկանում ապրել բռնության սպառնալիքի ներքո և չի ցանկանում, որպեսզի զենքի սպառնալիքի ներքո իրենց պարտադրվի բռնապետական իշխանություն»:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը «արժանի է ապրել խաղաղության պայմաններում, և նա արժանի է ազատության և անվտանգության։ Իսկ դա նշանակում է՝ երաշխավորել, որ խաղաղության պայմանավորվածությունը չի հանգեցնի էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի համար: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են բռնությունները, որոնք մենք տեսել ենք այս տարածաշրջանում»:

Անդրադառնալով տարածաշրջանում հակամարտության արմատին՝ հանձնաժողովի նախագահ Մենենդեսը նշեց, որ «կայսերական նկրտումներով բռնապետերը զոհ են դարձել Հարավային Կովկասում ապրողներին»։

Նա վկայակոչեց Ռուսաստանի աջակցությամբ ագրեսիան Աբխազիայում և Հարավային Օսիայում, ինչպես նաև Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան Հայաստանում և Արցախում, որտեղ «մարդկային կյանքի նկատմամբ արհամարհանքն ակնհայտ էր», ամենավերջին օրինակներից՝ 2020թ.-ի աշնանն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանի առանց դրդապատճառի հարձակումը արմատախիլ արեց ավելի քան 100,000 հայերի Արցախում իրենց տներից, և ընդհանուր առմամբ 6,500 մարդու մահվան պատճառ դարձավ։ Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը նշեց, որ «Արցախում հայերը դեռ բախվում են սուր հումանիտար ճգնաժամի, ներառյալ էթնիկ զտումների սպառնալիքները, ինչպես նաև ջրի, էներգիայի, առողջապահության և սննդի խրոնիկ անբավարարությունը»:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը շարունակաբար առաջ է մղել մարդասիրական լուրջ օգնություն հատկացնելու հարցը՝ Հայաստանում և Արցախում տուժածներին օգնելու համար: Նա գնահատեց ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը որպես «անբավարար» և իր վրդովմունքն արտահայտեց Ադրբեջանին անվտանգության ամենամյա աջակցության շարունակական տրամադրման կապակցությամբ:

«Ինչպե՞ս կարող է Միացյալ Նահանգներն արդարացնել ցանկացած աջակցության՝ անվտանգության կամ որևէ այլ տեսակի, ուղարկելը Բաքվի ռեժիմին: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես նողկալի է: Եվ դա ծաղրում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտը»:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը շարունակեց. «Սույն ակտի 907 Բանաձևը կոչված է արգելել անվտանգության աջակցության հատկացումն Ադրբեջանին, մինչ Ադրբեջանը «ակնհայտ քայլեր չձեռնարկի դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Եվ, այնուամենայնիվ Պետդեպարտամենտը էլի ու էլի կասեցրել է 907 Բանաձևը: Այն 600,000 դոլար պահանջեց 2022թ.-ի ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթություն և ուսուցում տրամադրելու համար. մի ծրագիր, որը կոչված է «մասնագիտական ռազմական կրթություն տրամադրել պետքարտուղարի կողմից ընտրված երկրներին»:

Ծավալվելով ԱՄՆ անվտանգության աջակցության հարցի շուրջ՝ հանձնաժողովի նախագահ Մենենդեսը վկայակոչեց Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը, որը հանրայնորեն հրապարակվեց ավելի վաղ այս տարի, և որով ապացուցվեց, որ Պետդեպարտամենտը և Պաշտպանության նախարարությունը ձախողեցին կատարել հաշվետվողականության պահանջները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող աջակցության վերանայման համար՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի օրենքով սահմանված պահանջներով:

Ավարտելով իր բացման խոսքը՝ հանձնաժողովի նախագահ Մենենդեսն ասաց, որ «ողջունում է ԱՄՆ-ի բարձր մակարդակի ներգրավվածությունը այս տարածաշրջանում» և «մեծ հույսեր ունի երկարատև խաղաղության համար»:

Լսումների ժամանակ, ի պատասխան պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդի և դեսպան Ռիկերի համապատասխան վկայություններին, հանձնաժողովի նախագահ Մենենդեսը հայտարարեց, որ նրանց վկայությունները «չեն պատասխանում այն մտահոգություններին», որոնք նա բարձրաձայնեց իր բացման խոսքում կամ նախկինում: Նա ճնշում գործադրեց դեսպան Ռիկերի վրա տեսագրությունների վերաբերյալ, որոնք ֆիքսել են ադրբեջանական ուժերին «անզեն հայ զինվորներին սառնասրտորեն սպանելուց»:

Դեսպան Ռիկերը պատասխանեց, որ նա «տեսել է մի շարք տեսանյութեր» և որ իր «էլեկտրոնային փոստարկղը լցված է դրանցով»։

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը հարցրեց, թե արդյոք նա ջանքեր է գործադրել՝ ստուգելու տեսանյութերը և արդյո՞ք հանդիպել է հայ կին զինվորի նկատմամբ ադրբեջանցի զինվորների կողմից սեռական ոտնձգությունների և անդամահատման մասին հաղորդումներին:

Ի պատասխան՝ դեսպան Ռիկերն ասաց, որ նա «տեսել է վայրագությունների մասին բազմաթիվ հաղորդումներ», սակայն, նա հայտարարեց, որ «ծանոթ չէ» Ադրբեջանի կողմից ապօրինի զենքի, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի օգտագործմանը վերաբերող հաղորդումներին։

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսն ընդգծեց, որ Պետդեպարտամենտը «կարծես թե այլ կողմ է նայում՝ Ադրբեջանի հետ ինչ-ինչ շահեր ունենալու պատճառով»։

«Պետդեպարտամենտի հանդեպ իմ հիասթափությունն այն է, որ նրանք միշտ ասում են՝ «դե երկու կողմերն էլ պետք է զերծ մնան»: Բայց երբ կա ագրեսոր, մենք պետք է մատնանշենք ագրեսորին… դա Ադրբեջանն է: Սակայն, մենք այլ կողմ ենք նայում և կասեցնում ենք 907 Բանաձևը»:

Մասնավորապես դիմելով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդին՝ հանձնաժողովի նախագահ Մենենդեսը հարցրեց, թե ինչպես է Պետդեպարտամենտը շարունակում կասեցնել 907 Բանաձևը, ոչ միայն այն պատճառով, որ GAO-ի ուսումնասիրությունը վերահաստատեց, որ Պետդեպարտամենտը չի բավարարել դրա հաշվետվողականության պահանջները, այլ նաև այն վայրագությունների պատճառով, որոնք չարամտորեն իրականացնում է Ալիևի ռեժիմը:

Ի պատասխան՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ասաց, որ Պետդեպարտամենտը «շատ քրտնաջան աշխատում է նպատակին հասնելու համար, որը ես կարծում եմ, որ մեր ընդհանուր նպատակն է՝ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում… այն, ինչ մենք լսում ենք երկուսից էլ (և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից), այն է, որ նրանք հավատում են, որ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»:

907 Բանաձևի կասեցման վերաբերյալ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ասաց, որ Պետդեպարտամենտը «ողջունում է GAO-ի կողմից 907 Բանաձևի կասեցման գործընթացի վերանայումը», և որ քայլեր էին ձեռնարկվել GAO-ի առաջարկությունների իրականացման համար:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը շեշտեց, որ ի դեմս բոլոր փաստերի՝ չի կարելի արդարացնել 907 Բանաձևի կասեցումը:

«Հնարավո՞ր է մարդկայնորեն ասել, որ Ադրբեջանն օգուտ չի քաղել այն աջակցությունից, որը մենք նրան տրամադրել ենք այնպես, որ նրան հստակ առավելություն է տրվում Հայաստանի նկատմամբ, քանի որ դա կապված է իր ռազմական հզորության հետ: Հնարավոր չէ նման բան ասել: Դուք չեք կարող նստել այստեղ պարզերես և ասել դա»:

Անդրադառնալով կոնկրետ գործողություններին, որոնք Բայդենի վարչակազմը ձեռնարկել է՝ ուղղակիորեն օգնելու Արցախում ապրող վտանգի տակ գտնվող հայերին, հանձնաժողովի նախագահ Մենենդեսն ընդգծեց, որ այս հակամարտությունում հայտնված մարդկանց մարդասիրական կարիքները «ամբողջովին թերսպասարկված են»:

Դեսպան Ռիկերը ճանաչեց 2020թ.-ի պատերազմի «սարսափելի մարդասիրական կորուստները», և որ «Պետդեպարտամենտը շարունակում է աշխատել համապատասխան կառույցների հետ՝ գնահատելու տարածաշրջանի կարիքները և պարզելու, թե ինչպես կարելի է տրամադրել լավագույն մարդասիրական օգնությունը»:

Նա նշեց, որ մուտքն Արցախ «չափազանց սահմանափակ է» և «ներկայումս ԱՄՆ կառավարության անձնակազմի համար անհնար է մուտք գործել տարածք և իրականացնել կարիքների գնահատում կամ ծրագրերի մոնիտորինգ»: ԱՄՆ-ն, սակայն, ֆինանսավորում է տրամադրել մարդասիրական ականազերծման գործողությունների համար՝ ներառյալ 2 միլիոն դոլարի հատկացումը:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսը նշեց, որ սա «բոլորովին անպատասխանատու է՝ առողջության պահպանման, սննդի անվտանգության, ջրի առումներով: Ես չեմ կարող հավատալ, որ մենք պատասխան չունենք»:

Բացի այդ, լսումների ընթացքում սենատոր Քրիս Մըրֆին (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ) ընդգծեց «Թուրքիայի պատմական դերը Ադրբեջանին սատարելու հարցում»՝ կապված այդ երկրի դերի հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Նա հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված են նրա կողմից «հարևաններին և դեպի Եվրոպա էներգիայի մատակարարողի աճող դերով», և որ ԱՄՆ-ն «սխալ է պահել հավասարակշռությունը, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացմանն այն երկրներում, որտեղ առկա են նավթի մեծ պաշարներ»։

Լսումների ժամանակ նաև սենատորներ Էդ Մարքին (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) իրավացիորեն կասկածի տակ դրեցին ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության նախարարության դատողությունը՝ Ադրբեջանում Ալիևի ռեժիմին ԱՄՆ-ի կողմից անվտանգության շարունակական աջակցության տրամադրումը քարոզելու հարցում:

Եզրափակիչ խոսքում հանձնաժողովի նախագահ Մենենդեսն ասաց, որ լսումները «հիասթափեցնող» էին՝ մատնանշելով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդին, որ մինչ Պետդեպարտամենտը հորդորում է Ադրբեջանին՝ պահպանել մարդու իրավունքները, ԱՄՆ-ն շարունակում է այդ երկրին «ուղղակի աջակցություն տրամադրել, որը կարող է վնաս հասցնել Հայաստանին»:

Նա ընդգծեց, որ «մի կողմն է ագրեսորը», և (ԱՄՆ-ն) «ոչինչ չի արել՝ ստուգելու տեսագրությունները և կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի մասին ապացույցները, որոնք անօրինական են»։

Դիմելով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդին և դեսպան Ռիկերին՝ սենատոր Մենենդեսն ասաց, որ «միանգամայն անընդունելի է», որ նրանք չեն կարող հստակորեն պատասխանել, թե ԱՄՆ-ն ինչպիսի մարդասիրական աջակցություն է տրամադրում տուժածներին։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930