Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկյա շղթան վաճառել, մարմնավաճառների հետ զվարճացել էր․ նոր մանրամասներ՝ Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունից

Նոյեմբեր 17,2022 18:33

Պեմզաշենում ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ոճրագործությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։

31-ամյա կնոջ, նրա 11-ամյա դստեր և 8-ամյա որդու դաժան սպանության մեջ կասկածվող Պեմզաշեն գյուղի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որն, ըստ գործի նյութերի, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակիչ «Տիխի» մականվամբ Արկադի Բարսեղյանի հետ ներխուժել էր Մելիքսեթյանների տուն, վզից պոկել է տանտիրուհու ոսկյա շղթան՝ կրծքազարդով, ու ահասարսուռ այս դեպքից հետո տարել ու 32 հազար դրամով վաճառել է Երևանում։

Մեր տեղեկություններով, նա այս մասին ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Գործի նյութերում էլ առկա է, որ ոսկյա զարդը վաճառելուց հետո ժամանակ է անցկացրել մարմնավաճառների հետ։

Մեզ հասած տեղեկություններով, իրավապահները տվյալներ են ձեռք բերել նաև այն մասին, որ մյուս կասկածյալը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը, որը եղել է սպանված ընտանիքի հոր՝ Սևակ Մելիքսեթյանի ընկերը, հաճախակի է խաղադրույքներ արել, օգտվել խաղային ծառայություններ մատուցող ակումբներից։

Ի դեպ, Արկադի Բարսեղյանը ու սպանվածների ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն, սակայն նրանք տարբեր տեղանքներում են եղել։

Արկադի Բարսեղյանը, ըստ պեմզաշենցիների, վերադարձել էր հոկտեմբերի վերջերին, իսկ Սևակ Մելիքսեթյանը մտադիր էր գալ նոյեմբերի վերջերին։

Մեզ հասած տեղեկություններով, երբ տուն են մտել ու գումար պահանջել, 31-ամյա Զարինեն ասել է, որ գումար չկա տանը, ամուսինը դեռ չի ուղարկել։ Նրան խփել են, ուշաթափվել է ու մտնելով ննջասենյակ, որտեղ գտնվել են երեխաները, սաստել են, որ չփորձեն տեղից շարժվել, չհամարձակվեն գոռալ։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ «Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է: Նախաքննությունը շարունակվում է»:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ տունը մաքրել էին, որն էլ պեմզաշենցիներին առիթ է տալիս ենթադրելու, որ դեպքի վայրում կին է եղել, և որ նա կասկածյալ Վրույր Բարսեղյանի հորաքույրն է։ Այս կինը, ըստ գյուղացիների, տարիներ առաջ սպանել է իր նորածնին՝ գլխի մեջ ասեղներ խրելով, և որի համար դատվել է։

Այս գործով կասկածյալների շրջանակը դեռ պարզվում է։

Նշենք սակայն, որ Արկադի Բարսեղյանի պաշտպանության մեջ ներգրավված փաստաբանը` ՀՔԾ-ի նախկին քննիչ Վոլոդյա Մինասյանը, լրագրողների հետ զրույցում շարունակում է պնդել, թե ներկայացված նյութերով բոլորովին չեն հիմնավորվում իր պաշտպանյալի նկատմամբ կասկածները, և որ նա մանրամասն ցուցմունք է տվել՝ նշելով, որ դեպքի վայրում չի եղել, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Արկադի Բարսեղյանը գյուղում է գտնվել, և նրան, ըստ փաստաբանի, ձերբակալել են այնտեղից, որտեղ նա միշտ գտնվել է։

Ի դեպ, նրա՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական դռնփակ նիստի ժամանակ, որը ընդմիջումներով տևեց մոտ 6 ժամ, նրա հարազատներից և ոչ մեկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել ։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի փաստաբաններն ու հանրային պաշտպանները հրաժարվել էին պաշտպանել այս ոճրագործության մեջ կասկածվողների շահերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930