Կոկորդի ցավը մեզ բոլորիս ծանոթ երևույթ է, որը, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չէ, ուստի այն սկսվելուն պես մենք փորձում ենք հնարավորինս շուտ ազատվել այդ ախտանշանից՝ ընդունելով դեղամիջոցներ կամ դիմելով ժողովրդական բժշկության օգնությանը։ Սակայն մենք հաճախ մոռանում ենք, որ կոկորդի ցավի բուժումն անվնաս ու արդյունավետ կլինի այն դեպքում, եթե մենք նախ իմանանք, թե ինչ ծագում ունի այն՝ բակտերիալ, թե՞ վիրուսային։
Եթե կոկորդի ցավի պատճառը բակտերիալ վարակն է, որի հարուցիչը ստրեպտոկոկն է, այն վարակիչ է և սովորաբար տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Վիրուսային վարակի հարուցիչները վիրուսային ինֆեկցիաներն են, օրինակ՝ կորոնավիրուսը։ Վիրուսային բնույթի կոկորդի ցավն այլ ախտանշաններ ու զարգացում ունի, քան բակտերիալ տեսակը։ Նույնպես վարակիչ է, բայց չի արձագանքում հակաբիոտիկներին։
Կարևոր է, որ կոկորդի ցավի ախտանշաններն ուսումնասիրվեն բժշկի կողմից, քանի որ չբուժված ինֆեկցիան կարող է վտանգավոր լինել՝ առաջացնելով այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝
Կարդացեք նաև
- թախախակույտեր նշագեղձերի շուրջ,
- ականջի բորբոքում,
- սինուսային վարակներ,
- ռևմատիկ տենդ։
Ինչ տարբերություններ կան բակտերիալ ու վիրուսային վարակների միջև
Բակտերիալ ու վիրուսային վարակները սովորաբար տարբերվում են ախտանշաններով։
Բակտերիալ վարակներ
Կլման ժամանակ ցավի զգացումը բնորոշ է ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային բկաբորբի դեպքում, սակայն բակտերիալ ծագում ունեցող կոկորդի ցավը հաճախ ուղեկցվում է կարմիր ու այտուցված նշիկներով։ Կարող են նկատվել նաև սպիտակ կետեր կամ թարախի շերտեր։ Ջերմության բարձրացումը նույնպես բնորոշ է երկու դեպքում էլ, սակայն բակտերիաների առաջացրած ջերմությունը սովորաբար ավելի բարձր է ու ավելի ծանր ընթացքով է բնորոշվում։
Ստրեպտոկոկային վարակ ունեցող որոշ մարդիկ նաև նկատում են փոքրիկ կարմիր բծեր քիմքի վրա․ իրականում դրանք մազանոթներ են, որոնք պայթել են վարակի արդյունքում։
Ահա ևս մի քանի ընդհանուր ախտանշաններ, որոնք տարբերակում են բակտերիալ վարակը վիրուսայիններից։
- Սրտխառնոց և փսխում. Բակտերիալ վարակը կարող է առաջացնել սրտխառնոց և փսխում: Ախորժակի կորուստը նույնպես տարածված ախտանիշ է։ Երեխաները հատկապես հակված են սրտխառնոցի՝ կոկորդի ստրեպտոկոկային վարակի պատճառով:
- Ստամոքսի ցավ․ չնայած կարող է թվալ, թե կոկորդը և ստամոքսը կապ չունեն, որովայնի և ստամոքսի ցավը բակտերիալ վարակի ընդհանուր ախտանիշ է: Վարակը կարող է առաջացնել նաև մարսողական խանգարումներ։
- Հազի բացակայություն․ դա կարող է անտրամաբանական թվալ, բայց բակտերիալ վարակները հազվադեպ են ուղեկցվում հազով։
Վիրուսային բկաբորբը բոլորովին այլ պատկեր ունի․ այն շատ հաճախ դրսևորվում է հարբուխի ախտանշաններով։
Ահա մի քանի ախտանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
- Հազ– Վիրուսային ինֆեկցիան գրեթե միշտ ուղեկցվում է հազով։ Հազը թոքերից օտար նյութերը դուրս բերելու օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որը կարող է մի քանի շաբաթ տևել։
- Կոկորդի նկատելի այտուցվածություն ու կարմրություն, սակայն առանց սպիտակ կամ կարմիր բծերի։
- Հարբուխ, հոսք քթից․ Կոկորդի՝ վիրուսային բնույթի ցավերը հաճախ են ուղեկցվում հարբուխի ախտանշաններով՝ հոսք քթից, ձայնի խռպոտություն և այլն։
Կոկորդի ցավի բուժումն արդյունավետ ու անվնաս կարող է լինի միայն այն դեպքում, եթե հստակ որոշվի կոկորդի ցավի հարուցիչի բնույթը։ Վիրուսային բկաբորբը մեծամասամբ առաջացնում են սուր շնչառական վիրուսային վարակները, բայց հարուցիչները կարող են նաև տարբեր լինել, ինչպես ջրծաղիկը կամ կարմրուկը։
Վիրուսային ինֆեկցիայի դեպքում հակաբիոտիկ ընդունելու իմաստ չկա, պարզապես պետք է սպասել՝ թեթևացնելով վարակի ախտանշանները հանգստացնող թեյերի, ցավազրկողների, կոկորդի ողողումների միջոցով։
Ստրեպտոկոկային բկաբորբի ախտորոշումը կարող է հաստատվել նմուշների բակտերիալ ցանքսով, որը ձեռք է բերվում ինչպես նշիկների մակերևույթից, այնպես էլ հետըմպանային պատից։ Հետազոտության արդյունքներն էլ որոշում են բուժման ռազմավարությունը։ Բակտերիալ վարակի դեպքում բժիշկն ամենայն հավանականությամբ հակաբիոտիկ կնշանակի, որը կոնկրետ ազդեցություն ունի տվյալ տեսակի բակտերիայի վրա։
Կարևոր է մշտապես հաշվի առնել, որ հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզուղիների, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա:
Ցանկացած տեսակի հակաբիոտիկ ընդունելիս պետք է իմանալ, որ դրանք ունեն կողմնակի ազդեցություններ, իսկ հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը նպաստում է հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից։