Լրահոս
Օրվա լրահոսը

Սոլովյովը մի անգամ կանչեց իր շոուին մասնակցելու, ասացի՝ նախընտրում եմ իգական սեռի պոռնիկներին․ Միխայիլ Պլետնյով. «Ա1+»

Նոյեմբեր 17,2022 18:10

Միխայիլ Պլետնյովը ոչ միայն փայլուն դաշնակահար է, հրաշալի դիրիժոր և կոմպոզիտոր, այլ առհասարակ ինքնատիպ արվեստագետ ու անհատ է, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների։

Պլետնյովը Հայաստանում առաջին անգամ չէ։ Դեռ խորհրդային տարիներին նվագախմբի հետ այցելել է Երևան։ 2016–ին «Երևանյան հեռանկարների» հրավերով մենահամերգով հանդես եկավ Բախի, Գրիգի և Մոցարտի ստեղծագործությունների կատարումներով։

Մեկ տարի առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով էր եկել, իսկ այսօր հանդես կգա  «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, ում 90-ամյակին և նվիրվում է համերգը։ (Ծրագրում՝ Չայկովսկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը)։

Միխայիլ Պլետնյովը առանձնապես չի սիրում «շփվել» լրագրողների հետ ու հարցազրույցներ տալ, սակայն անսպասելիորեն համաձայնեց համերգի փորձից հետո «Ա1+»–ի հետ հանդիպել ու զրուցել։

Համերգին Չայկովսկի եք կատարելու։ Ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքում Արևմուտքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց, որը չսահմանափակվեց տնտեսական ոլորտով, սպորտն ու մշակույթը նույնպես ենթարկվեցին որոշակի պատժամիջոցների։ Ի նշան բողոքի՝ որոշ նվագախմբեր ու մենակատարներ անգամ հայտարարեցին, որ չեն կատարելու ռուս հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում նաև Չայկովսկու։ Չե՞ք համարում, որ սա արդեն աբսուրդի ժանրից է։

–Նախ վերջերս ես Փարիզում ղեկավարել եմ նվագախումբ ու ծրագրում Չայկովսկի է հնչել։ Բայց  սարսափելին այն է, որ երկրի վրա խելագարների թիվն աճել է։ Նախկինում նրանց այդքան չէինք նկատում։ Համավարակի ու պատվաստանյութի, կամ ինչպես ավելի ճիշտ է ասել թունանյութի «թատրոնի» ալիքը նրանց ի հայտ բերեց։ Ասես, «ոչխարի հոտ» կամավոր գնում էին ինքնաոչնչացման, և դա ինձ ուղղակի սարսափեցրեց։ Հայտնի լուսանկար կա՝ Բուխենվալդի հմայիչ ժպիտով սիրունիկ վերակացու, բանտապահ կանանց, որոնք առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ էին բանտարկվածների կոկորդը կտրել։ Սա նրանց «աշխատանքն» էր։ Համավարակի օրերին, ոստիկանները կարող էին ոտնատակ անել դիմակ չկրողներին։ Սա էլ նրանց «աշխատանքն» էր։ Ցավոք, մարդիկ չեն հասկանում, թե ինչ էր իրենց սպասվում, ինչից մազապուրծ եղան։ Իսկ սպասվում էր այն, ինչ հիմա Չինաստանում է կատարվում․ երկիր, որ նմանվել է համակենտրոնացման ճամբարի։ Փառք Աստծո, աշխարհում գտնվեցին խիզախ մարդիկ, որ դուրս եկան այս ամենը կազմակերպող տականքների դեմ։ Պայքարեցին, որոշ դեպքերում կյանքի գնով, օրինակ՝ Ռոտերդամում կամ Կանադայում։ Սակայն տականքը իր տեղում է։ Կարծո՞ւմ եք՝ ամեն ինչ վերջացա՞վ։ Ոչ, սա առաջին ալիքն էր։ Գիտե՞ք՝ ինձ ինչն է առավել սարսափեցնում։ Այն, որ մարդկանց մի հատվածը շատ հանգիստ պատրաստ է սպանել մարդկանց մյուս հատվածին և այդ ամենը անվանել «աշխատանք»։

–Նման մտքերը չե՞ն խանգարում ձեր երաժշտարվեստին, կատարման տրամադրությանը։

–Ոչ։ Արվեստը վեր է ամեն ինչից։ Դա այլ հարթություն է։ Դասական երաժշտությունը իրապես էլիտար է և այն չի կարող մասսայական լինել։ Նրանք, ովքեր հիմա ականջակալներով ռեփ են լսում, նույն դասակարգից են, ինչ նախկինում ասենք գեղջուկներն էին կամ լյումպենները, որոնք իրենց գյուղերում կամ քաղաքներում պարզունակ պարերն էին պարում ու երգերը երգում։ Դա ոչ վատ է, ոչ լավ։ Դա այդպես է։ Իրական արվեստը՝ ազնվական ծագում ունի։ Խնդրի այլ կողմն էլ կա, թե ինչու դասական արվեստը չի մասսայականացվում, ինչու մշակույթին, կրթությանը այսօր մեծ գումարներ չեն հատկացվում ամբողջ աշխարհում։ Որովհետև երկրի ղեկավարներին ավելի հեշտ է կառավարել անգրագետ «զոմբիներին»։ Տեսեք, թե Ռուսաստանում ինչ է կատարվում։ Ռուսական հեռուստաալիքների «զոմբիարկղից» ինչ անհեթեթություններ են հնչում։ Իսկ Սոլովյովի շոուի պրոպագանդիստները ուղղակի անբարոյականներ են։ Հասկանալի է, որ դա էլ նրանց «աշխատանքն» է։ Բայց ավելի զզվելի է այն, որ կան նրանց համակիրները, ովքեր դիտում են այդ շոուներն ու սկսում մտածել ու գործել համահունչ։ Սոլովյովը ինձ մեկ անգամ կանչեց իր շոուին մասնակցելու, ես ասացի, որ նախընտրում եմ իգական սեռի պոռնիկներին։

Զրուցեց Ռուզաննա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930