Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության մասին իր հայտարարություններում և դա մանիպուլյացիա է: Այդ մասին Ալիևը հայտարարել է՝ Բաքվում Եվրամիության Արևելյան գործընկերության հատուկ դեսպան Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
«Դուք հիշատակեցիք Հայաստան կատարած Ձեր այցի մասին և որ հայկական պետությունից ստացել եք ազդակ խաղաղության մասին: Մենք այդ հաղորդագրությունները լսել ենք օկուպացիայի ամբողջ տարիների ընթացքում: Բայց նրանք անկեղծ չեն եղել: Մենք նույնպես խաղաղություն էինք ուզում, բայց ուզում էինք հողերի վերադարձ: Իսկ նրանք խաղաղություն էին ուզում՝ չվերադարձնելով մեր հողերը: Դրանում էր տարբերությունը: Այդպիսով, մենք ստիպված էինք հակամարտությունը լուծել ուժային, իսկ հետո քաղաքական միջոցներով: Խաղաղության մասին այսօրվա խոսակցությունները ես համարում եմ նմանօրինակ մանիպուլյացիայի ձև», -ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմն իսկապես խաղաղություն ցանկանար, ապա կպատասխաներ Ադրբեջանի առաջարկներին:
«Պատերազմի ավարտից հետո անմիջապես մենք առաջարկեցինք սկսել բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ: Համաշխարհային պատմության մեջ հազվադեպ է պատահում, երբ երկիրը, որի տարածքը բազում տարիներ գտնվել է օկուպացիայի մեջ, ուժով վերականգնի արդարություն, իսկ թշնամու դեմ հաղթանակից հետո խաղաղություն առաջարկի: Մենք առաջարկել ենք խաղաղություն՝ չնայած Հայաստանի կողմից մեր տարածքների ավերածությանն ու ոչնչացմանը և ադրբեջանցիներին պատճառած տառապանքներին»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանն է խաղաղության մասին բոլոր առաջարկությունների նախաձեռնողը: «Մենք առաջարկել ենք խաղաղություն և ինքնատիպ բազա՝ բաղկացած հինգ սկզբունքներից: Մենք առաջարկել ենք ստեղծել սահմանազատման հարցերով հանձնաժողով: Հայաստանն այդ գործընթացի սկզբնական փուլում տատանվում էր: Իսկ հիմա նրանք խոսում են խաղաղության մասին, բայց մենք չենք հասկանում՝ ինչ է խաղաղությունը նրանց ընկալմամբ»,- ասել է նա:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հասկանալի է: «Այն հնչեցվել է հանրության առաջ, այդ թվում Եվրահանձնաժողովի ղեկավարության և այն երկրների հետ շփումներում, որոնք մասնակցել են և հիմա էլ մասնակցում են կարգավորման գործընթացին, այսինքն` ԱՄՆ-ը և Ռուսաստանը»,- ասել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ հարցի կարգավորման համար պետք է լինի երկու առանձին գործընթաց. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, ինչպես նաև «հարցեր, որոնք վերաբերում են Ադրբեջանի հայ փոքրամասնությանը՝ իրավունքների և անվտանգության տեսանկյունից»:
«Բառացիորեն երեկ ես հեռախոսազրույց ունեցա պետքարտուղար Բլինքենի հետ, որի ընթացքում մենք կրկին խոսեցինք այդ մասին: Մենք լավ հասկանում ենք, որ պետք է լինի երկու ճանապարհ և դրանք չպետք է կապվեն իրար: Սակայն Հայաստանից հնչող հայտարարությունները միանգամայն հակասական են: Նրանք ասում են, որ ճանաչում են մեր տարածքներն ու ինքնիշխանությունը: Ոչ միայն խոսում են այդ մասին, այլև իրենց ստորագրությունն են դնում Պրահայում և Սոչիում այդ հայտարարությունների տակ: Դա նշանակում է մեր բոլոր տարածքների ինքնիշխանություն: Մենք լավ հասկանում ենք՝ ինչ է նշանակում ինքնիշխանություն»,- ասել է Ալիևը:
Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրում ներառել հարցեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի հայ փոքրամասնությանը»: «Դա չի լինի և չի կարող լինել: Մենք չենք համաձայնի դրան: Ուստի մեզ պետք է միանգամայն հստակ դիրքորոշում Հայաստանի կառավարության կողմից: Վերջերս ես ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, ապա մենք էլ խաղաղություն կուզենք: Եթե նրանք չեն ցանկանում խաղաղություն, ապա դա իրենց ընտրությունն է: Մենք 30 տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա՝ ինչով դա ավարտվեց»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ