Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ», բայց ոչ պետնախարար Ռուբեն Վարդանյանի: Այդ մասին Ալիևը հայտարարել է՝ Բաքվում Եվրամիության Արևելյան գործընկերության հատուկ դեսպան Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարևոր է համարում, որպեսզի «Հայաստանը հստակ հայտարարի՝ ինչ է իրականում ուզում»:
«Եթե նրանք ցանկանում են խոսել Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին, ապա նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդու հետ, ինչպիսին է Մոսկվայից ուղարկված Վարդանյանը, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներ են: Նրան այնտեղ ուղարկել են Մոսկվայից՝ շատ հստակ օրակարգով: Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել: Մենք պատրաստ ենք դրան: Ի դեպ, այդ գործընթացը մեկնարկել է»,- ասել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ այդ գործընթացը կարող էր լինել առավել դինամիկ, եթե «դրան չմիջամտեին դրսից» և փորձեր չարվեին այն ընդհատել:
Կարդացեք նաև
«Բայց դա որևէ կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաև կոչ է արել Հայաստանին հրաժարվել «վտանգավոր հռետորաբանությունից», եթե իսկապես Երևանում շահագրգռված են խաղաղությամբ:
«Եթե այդ երկիրը խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից: Վերջերս Հայաստանի պաշտոնատար անձինք Ադրբեջանին համեմատում էին «ԻՍԻՍ»-ի «Ալ-Կաիդայի» հետ: Բայց իմ կարծիքով դա շատ վտանգավոր հռետորաբանություն է: Նախ, նրանք իրենք գործել են «ԻՍԻՍ-ի և «Ալ-Կաիդայի» պես: Եվրամիության դեսպաններն այցելել են ադրբեջանական ազատագրված տարածքներ: Հայերը պատմական և մշակութային ժառանգությանը վերաբերվել են այնպես, ինչպես ԻՍԻՍ-ը և «Ալ-Կաիդան»: Ոչ թե մենք, այլ նրանք»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ երբ «Փաշինյանն արտասանում է այդպիսի խոսքեր, նա պետք է իմանա, որ մենք դա լսում ենք»: «Նա պետք է մտածի՝ ինչպիսին կլինի մեր արձագանքը»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ