Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես մարզերում հնարավոր չէ տանեն ոստիկանություն ու չծեծեն». Նինա Կարապետյանց

Նոյեմբեր 17,2022 17:19

«Ոստիկանությանն ինչ հրաման տալիս են, այդ հրամանը կատարում է: Այս իմաստով ոստիկանությանը չեմ մեղադրում»,- «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Արարատի մարզի Քոլսոն երիտասարդական կենտրոնում կազմակերպված «Բռունցքով հարվածներ, պաշտոնանկություններ. ինչպե՞ս են ընթանում ոստիկանության բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:

Քննարկումից առաջ ցուցադրվեց «Բռունցքով հարվածներ, պաշտոնանկություններ. ինչպե՞ս են ընթանում ոստիկանության բարեփոխումները» վերտառությամբ ֆիլմը, որը պատրաստել է լրագրող Նարեկ Կիրակոսյանը։ Ֆիլմը նկարահանվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից։

Նինա Կարապետյանը մտահոգիչ է համարում, որ ոստիկանության պաշտոնյաները, որոնք բռնության են ենթարկել քաղաքացիներին, և կան դրանց բոլոր ապացույցները, բայց նրանք դեռ շարունակում են պաշտոնավարել: Ըստ նրա՝ այս իշխանությունները չունեն քաղաքական կամք համակարգն այդ մարդկանցից մաքրելու համար: Նա նշեց. «Երբ ոստիկանները, որոնք գուցե միամտաբար ուզում են փոփոխություններ, տեսնում են, որ սրիկայական պահվածք ունեցողները շատ արագ կարողանում են պաշտոններ ստանալ, հետևաբար իրենք այլևս փոփոխությունների ձգտում չեն ունենում»:

Նինա Կարապետյանցի ներկայացմամբ՝ գուցե Երևանում բռնությունների թվի նվազման հետ կապված առաջընթաց կա, բայց մարզերում նրա ձևակերպմամբ՝ «հնարավոր չէ տանեն ոստիկանություն ու չծեծեն»: Իսկ ծեծի ենթարկվածների իննսուն տոկոսը չի ուզում խոսել, քանի որ նրանց վրա սկսում են ահռելի ճնշումներ իրականացնել: Այս առիթով Նինա Կարապետյանցն ասաց, որ ակտիվորեն համագործակցում են քրեական աշխարհի ներկայացուցիչները և ոստիկանները:

Ոստիկանական համակարգի պատասխանատուների կողմից հնչող այն դիտարկումներին, թե ոստիկանական համակարգը չի կարող ուժ չկիրառել, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ոչ մեկը չի ասում, որ ոստիկանն իրավախախտի ճակատը պաչի, բայց կա համաչափություն, ուժի կիրառման անհրաժեշտություն»:

Ըստ Նինա Կարապետյանցի՝ ոստիկանի ստացած կրթությունը, արժեքները շատ կարևոր են: Սակայն նաեւ նշեց. «Կան այնպիսի կերպարներ, որ իրենք իրենց ներքին մանկական սթրեսներն են դրսևորում քաղաքացիների նկատմամբ՝ գնալով բռնությունների, ստորացման անգամ առանց հրամանի»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով՝ լավ է, որ ոստիկանական համակարգի ռազմավարությամբ նախատեսված են բարեփոխումներ, այլ հարց է՝ այդ բարեփոխումները ձևակա՞ն են արվում, թե՞ իրական բարեփոխումներ են: Հավելեց. «Եթե խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները նոր պաշտոններ են ստանում, ուրեմն հարց է առաջանում՝ դա բարեփոխո՞ւմ է, թե՞ ձևական մի բան: Թեպետ փորձում են ցույց տալ բարեփոխումներ, բայց ես դա բարեփոխում չեմ համարում, երբ այդ բարեփոխման ֆոնին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին նման ձևով են վերաբերվում: Դա նշանակում է՝ կամք չունեն, դա ուղղակի ձևական է, ցույց տալու համար միջազգային կառույցներին, որ մենք ժողովրդավար ենք: Բայց ժողովրդավարությունը միայն ասելով չէ»:

Արարատի մարզից իրավաբան Լիլիանա Միրզոյանը պատմեց, թե իրենց մարզում ոստիկանությունն ինչպես է հաղորդակցվում քաղաքացիների հետ: Նա ասաց. «2019-ին և անգամ 2020-ին, երբ պատերազմական իրավիճակում գյուղացիները ցույցեր էին իրականացնում, ոստիկանությունը ցույցը ցրելու համար բռնությունների էր դիմում: Բնակիչները նաև իրենց սեփականության իրավունքի իրացման համար էին բողոքի ցույցեր իրականացրել: Անգամ, երբ ակտիվ ցույցեր չեն իրականացվում, այդ դեպքում էլ երբեմն ոստիկանությունը բռնություն է կիրառել: Այդ մասով կան հարուցված քրեական գործեր: Իհարկե, դրական տեղաշարժ էլ կա, բայց անպատժելիության խնդիրը, այդուհանդերձ, արդիական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930