Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, նկարիչներ Գարեգին Հարությունյանը (GaReggin) և Հարություն Աղաբալյանը ստեղծեցին քաղաքի առաջին մուրալը*, ի նշան հարգանքի այն մարդկանց, որոնք երկար տարիներ աշխատել են կարի արտադրությունում:
Արտիստների խոսքով, երբ նրանք առաջին անգամ իմացան ապագա մշակութային կլաստերի գաղափարի մասին, այնտեղ այցելելու և այդ կարևոր ու համարձակ ծրագիրը տեսնելու ցանկություն ունեցան:
Ստեղծագործելու գաղափարը ծնվեց հենց այն ժամանակ, երբ նկարիչները հայտնվեցին գործարանի նախկին արտադրամասերում։ Հետագա աշխատանքի ոգեշնչման աղբյուր հանդիսացան գործարանի նախկին աշխատակիցների իրական պատմությունները։
«Մենք նպատակ չունեինք լուսանկարչական ճշգրտությամբ պատկերել աշխատակիցներին, այլ ընդհակառակը՝ կերպարների հագուստը կարող է թվալ ճոխ և հիշեցնել անցյալ դարաշրջանը։ Իրականում մենք ցանկացել ենք շեշտել այն փաստը, որ կարի ֆաբրիկան աշխատողների համար եղել է ավելի քան պարզապես աշխատավայր: Այս փաստն ակնհայտ է դառնում, երբ ծանոթանում ես Կարի ֆաբրիկայի թիմի կողմից նախկին աշխատակիցների շրջանում իրականացված հարցազրույցներին», − նշում են նկարիչները:
Կարդացեք նաև
Կարմիր կծիկը ցույց է տալիս ժամանակների կապը՝ խորհրդանշելով տվյալ տարածքը ապրեցնելու շարունակականության գաղափարը։ Կարմիր կծիկը նաև կարի ֆաբրիկայի անցյալի, ներկայի և ապագա սերունդների միջև կապի խորհրդանիշն է:
Աշխատանքն իրականացնելու համար ընտրվեց կարի ֆաբրիկայի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքի միակ հարթ հատվածը, որն էլ ամենահարմար մակերեսն էր ստեղծագործելու համար։ Բացի այդ, այդ շենքը նույնպես ժամանակին եղել է գործարանի արտադրական շինություններից մեկը։
«Հենց այս երեք հարկանի շենքի պատը համապատասխանեց մեր մեծ աշխատանքին: Կարի ֆաբրիկայի թիմն ամեն կերպ աջակցեց մեզ, իսկ տան բնակիչներն ակտիվորեն օգնեցին մեզ աշխատանքի ընթացքում: Ինչ-որ մեկը հոսանքով կիսվեց իրենց բնակարանից, մեկը տաք թեյ բերեց և պատմեցին իրենց հիշողությունները այն հեռավոր ժամանակների մասին, երբ կյանքը եռում էր գործարանում».− մեկնաբանում են հեղինակները:
Հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կունենա շարունակություն, իսկ նախաձեռնությունը կոգեշնչի Հայաստանի այլ նկարիչներին, ստեղծագործել և ստեղծել նոր մուրալներ Դիլիջանում և ամբողջ Հայաստանում:
* Մոնումենտալ գեղանկարչությունը կամ որմնանկարը մոնումենտալ արվեստի տեսակ է, նկարչություն ճարտարապետական տարբեր օբյեկտների վրա։ Երբեմն «որմնանկար» տերմինը (իսպանական mural – պատի նկարչություն) օգտագործվում է այս տեսակի գործերը մատնանշելու համար։
Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան իր ողջ հարակից տարածքով նախատեսվում է վերածել ժամանակակից բազմաֆունկցիոնալ տարածքի, որտեղ կներկայացվեն ինչպես տեղական արհեստավորների արտադրությունը, այնպես էլ մասնավոր բիզնես նախաձեռնությունները։ Ծրագիրը ուղղված է ստեղծարար արդյունաբերության ոլորտում փոքր բիզնեսի զարգացմանը՝ Դիլիջանի և Տավուշի մարզի բնակիչների ներգրավմամբ։
Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Դիլիջանի քաղաքապետարանի կողմից, IDeA հիմնադրամի համաֆինանսավորմամբ, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը կոչվում է «Քաղաքապետերը հանուն տնտեսական աճի»:
Կարի ֆաբրիկայի երեք հարկերում՝ ավելի քան 3500 քառ., իրենց տեղը կգտնեն տեղական արտադրողների արհեստանոցներ, գրադարան, ցուցասրահ, սրճարան, քովորքինգ, բիզնես ինկուբատոր, մեդիալաբ, հոսթել, հանգստի գոտիներ և այլն։ Իսկ հարակից տարածքը կվերածվի ժամանցի և հանգստի գոտիների։
Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը և ստեղծել աշխատատեղեր Դիլիջան համայնքում, խթանել բիզնեսի զարգացումը, ներդրումներ ներգրավել ֆիզիկական և փափուկ ենթակառուցվածքներում, ստեղծել նոր հնարավորություններ բիզնեսի և ոչ առևտրային հատվածի համար:
Մամուլի հաղորդագրություն