«Նիկոլ Փաշինյանը մի հետաքրքիր յուրահատկություն ունի, երբ ինչ-որ գաղափար անընդհատ շրջանառվում է եւ բավարար հանրային ընկալում է ստանում, ինքն անսպասելիորեն, բայց իրականում շատ էլ սպասելի վերադառնում է դրան»,- «Հայելի» ակումբում ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
«Իր ասած խաղաղության համապարփակ պայմանագրի գաղափարը քննադատվեց եւ փորձագիտական, եւ քաղաքական, եւ հանրային բոլոր հարթակներում, որովհետեւ անիրական էր եւ զուրկ էր հիմքերից, դրա համար այս փուլում, զգալով նաեւ հասարակության տրամադրությունները, Փաշինյանը` լինելով ճկուն գործիչ եւ լավ տիրապետելով հանրային տրամադրություններն ուղղորդելու հնարքներին, հիմա անցել է իբր «անկեղծության» կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած՝ «լրջանալու պահի»։ Մարդը, որ երկար ժամանակ չէր խոսում ցեղասպանության, ադրբեջանաթուրքական ուժերի իրականացրած ցեղասպան գործողության մասին, իսկ էթնիկ զտումների մասին խոսում էր միայն Արտաքին գործերի նախարարությունը, այն էլ պահ առ պահ, հիմա վերադարձել է այդ հռետորաբանությանը։ Փաշինյանը փորձում է նշել նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանաթուրքական կողմի հնարավոր բոլոր խախտումները»,-նշեց Նարինե Դիլբարյանը։
Լեզվաբանի խոսքով, այս ամենով հանդերձ, Փաշինյանը հիմա էլ դրական գնահատականներ է ուղղում Էրդողանին․ «Տեսնելով, որ Ադրբեջանի հետ ինչ-որ բանի վերաբերյալ պայմանավորվելն անիմաստ է, եւ չի հաջողում, հասկանալով, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները սերտ են եւ համաթյուրքական տիրույթում են, Փաշինյանը փորձում է ուղերձներ հղել Էրդողանին՝ ցույց տալու համար, որ մտադիր է զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները։ Նա թերեւս հույսը դնում է այն բանի վրա, որ Էրդողանը կարող է ազդել Ալիեւի վրա, որպեսզի Ալիեւը 29 հազար քառ․ կմի-ի վրա չազդի»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ