Նոյեմբերի 13-ից Թունիսի Ջերբա քաղաքում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ, գործում է Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով։
Տաղավարի տեխնոլոգիական հատվածը ներկայացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ազգային ծրագիրը, որը ներկայացնում է տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային մշակույթի պահպանման և զարգացման գործում:
Թվային կառավարման հաստոցի օգտագործմամբ տեղում այցելուներին ցուցադրելու համար փորագրվում են գորգերի զարդանախշեր: Եռաչափ տպիչի օգտագործմամբ տպագրվում են հայկական ժայռապատկերներով սեղանի խաղեր, «տիեզերքի քարտեզ» մոդելի էջանշան և այլ իրեր: Ցուցադրված են նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների կողմից մոդելավորված և փորագրված աշխատանքները Հայաստանի մշակութային արժեքների պատկերմամբ։ Թվային կառավարման հաստոցը և եռաչափ տպիչը նախագծված և ստեղծված են Հայաստանում։
Հայկական տաղավարում ցուցադրված են նաև գորգեր, ասեղնագործ նմուշներ, անցկացվում են գորգագործության վարպետության դասեր, տեղի են ունենում շրջայցեր VR ակնոցի միջոցով։
Կարդացեք նաև
Տաղավարի ձևավորումը թույլ է տալիս մեկտեղել հայկական հարուստ մշակույթը և մերօրյա տեխնոլոգիաները, որոնց ճիշտ համակեցությունը կարող է երաշխիք հանդիսանալ արդի աշխարհում մշակութային ժառանգության ճանաչման, պահպանման և սերունդներին փոխանցելու համար։
Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը և կամփոփվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովով, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը կփոխանցի Թունիսին:
ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու