Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. Մարդիկ հասկանում են, որ առաջ երկրի անվտանգությունն ապահովված էր, կար ինքնիշխան Արցախ, կայացած բանակ

Նոյեմբեր 17,2022 15:29

«Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքը, բայց ՀՀ ղեկավարությունն ի զորու չէ ինքնուրույն կարգավորել այդ խնդիրը եւ դիմում է միջազգային տարբեր գերտերությունների՝ Ռուսաստան, ԱՄՆ, հավաքական արեւմուտք, ինչու չէ, նաեւ՝ Իրան, որպեսզի միջազգային ճնշում գործադրվի եւ խնդիրը լուծվի», -այսօր «Հենարան» ակումբում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը եւ շարունակեց. «Մարդիկ 4,5 տարի առաջ ասում էին, թե երբ Սերժ Սարգսյանը հեռանա, բոլոր հարցերը կլուծվեն: Բայց այսօր այդ նույն մարդիկ գնահատական են տալիս, որ այն ժամանակ իրենք, իհարկե՝ տարբեր խնդիրներով, բայց իրականում ապրում էին անհամեմատ անհոգ, որ երկրի անվտանգությունն ապահովված էր, այն ժամանակ կար եւ գործում էր ինքնիշխան Արցախը, ունեինք կայացած բանակ, կայուն զարգացող տնտեսություն, ինչու չէ՝ նաեւ այն ազատությունները, որոնց միջոցով եւ որոնց շնորհիվ եղավ 2018 թվական:

Հիմա, որ հետադարձ հայացքով նայում ենք, պետք է գնահատական տանք, թե Հայաստանն այսօր ինչ վիճակում է, ուր է գնում եւ ուր է հասնելու: Լավատեսական տրամադրություններ չունենք: Սակայն պետք է ելքեր գտնել: Պարզ է չէ՞, որ Լեռնային Ղարաբաղի, սահմանային անվտանգության խնդիրները արդեն մեկ օրվա լուծելիք չեն, որքան լուրջ ու պարտվողական խնդիրների մեջ է հայտնվել մեր հասարակությունը, որ մարդիկ ընկճված ամեն օր մի լավ լուրի են սպասում, բայց այդ լավ լուրը չկա:

Ասել ու կրկնում եմ, որ մեր ազգին հիմա պետք են թեկուզ փոքր հաղթանակներ, որոնք, ցավոք, վերջին տարիներին չեն եղել: Մենք անընդհատ գահավիժում ենք ու այդ ընթացքը կասեցնող որեւէ գործընթաց դեռեւս չկա: Մարդիկ դրա հետ հույսեր էին կապում՝ մասնակցելով հանրահավաքներին: Բայց ցավոք այդ հույսերը դեռ չեն արդարացել եւ առայժմ չի հաջողվել հասնել իշխանափոխության»:

Վահան Բաբայանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը, որն ըստ էության, ստանձնել է պայքարի գլխավոր կազմակերպչի դերը, պետք է փոխի ռազմավարությունն ու մարտավարությունը, ժողովրդին փողոց դուրս բերելու ավելի արդյունավետ միջոցներ գտնի, ավելի ճիշտ ու բաց աշխատի ժողովրդի հետ: Նա, մասնավորապես, օրինակ բերեց մարդկանց հետաքրքրող գլխավոր հարցերի պատասխանը հնչեցնելու կարեւորությունը, թե հաջողության հասնելու համար ինչ քայլեր պետք է անել եւ ինչ հաջորդականությամբ, ով է վարչապետի իր թեկնածուն, իրավիճակից դուրս գալու առաջնային ինչ խնդիրների լուծում է դնում իր առջեւ նոր ղեկավարությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930