«Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, ով համակարգում և վերահսկում է վարչական շրջանների ու դրանց ղեկավարների աշխատանքը։ Նման գործառույթ նախկինում ոչ մի փոխքաղաքապետ չի ունեցել։ Ես կատարում եմ իմ գործառույթը, իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջանների ղեկավարների հետ, նախկինում նման համակարգման գործառույթ Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել: Դա է պատճառը, որ իմ այցերը այսպես եք ընկալում». այսպես պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով չհայտարարված քարոզարշավ իր կողմից իրականացնելուն։
Նա վստահեցրեց, որ տեղում, փաստացի ծանոթանալով խնդիրներին, այլ որակի և այլ տեսակի տեղեկատվություն է ստանում, իսկ բնակիչների հետ հանդիպման արդյունքում շատ հարցեր ավելի արագ է կարողանում լուծել։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Երևանի ավագանու գալիք ընտրություններում իր հնարավորությունները, Ավինյանը պատասխանեց․ «Ես բացարձակապես այս պահին ընտրությունների մասին չեմ մտածում»։
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի, թե ՔՊ վարչության կազմի ընտրության ժամանակ լուրեր էին պտտվում, որ կուսակցությունում թևերի են բաժանվել՝ ավինյանական ու պապիկյանական, հիմա ինքը ո՞ր թևին է պատկանում, Ավինյանը պատասխանեց՝ ինքը որևէ թևից չէ, և լրատվամիջոցներն են նման սերիալների սցենարներ գրում։
«Իրականությունն այն է, որ եղել է վերահաշվարկ, ու ի սկզբանե պարզ էր, որ թերություններ կային»,- նշեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանին որոշում կայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ