«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ապա Ստրասբուրգ քաղաքում «Սփյուռքի ներուժի համախմբման հեռանկարները» խորագրով հանդիպումներ ունեցան տարբեր հայ համայնքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկայացնելով կուսակցության գործունեությունը՝ Սուրեն Պետրոսյանը ոչ միայն կարևորեց սփյուռքի առանցքային դերը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված աննախադեպ խորքային ճգնաժամի հաղթահարման հարցում, այլև ընդգծեց հայկական սփյուռքի համախմբման համար գլխավոր գաղափարի ձևակերպման անհրաժեշտությունը, որը իր հերթին կնպաստի վերջինիս կենսունակության բարձրացմանը։
«Հայաստան-Արցախ-Սփյուռք ցանցային բազմամակարդակ հարաբերությունների ինստիտուցիոնալացումը հրամայական է, ինչը ենթադրում է նաև սփյուռքի հետ հարաբերությունների «բարեգործական»-ից փոխակերպում փոխշահավետ համագործակցության», – նշեց Սուրեն Պետրոսյանը։
Ընդգծելով պետության գերակա դերը աշխարհասփյուռ հայերի ինքնության պահպանման և կենսունակության հարցում, ինչպես նաև վերջիններիս դերը պետության և պետականության կայացման գործընթացում՝ առաջարկվեց «Հզոր պետություն, անկախ հայրենիք»-ը և վերջինից բխող Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը` որպես սփյուռքի համախմբման գլխավոր գաղափար, որը պետք է փոխարինի հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգին` միևնույն ժամանակ չենթադրելով հրաժարում ցեղասպանության ճանաչման օրակարգից։
Կարդացեք նաև
Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ առաջիկայում իրականացնելու սահմանված գաղափարներից բխող հստակ, առարկայական և չափելի ծրագրեր։
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության խորհուրդ