Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակ տալու հարցը քննարկվել է ՄԱԿ-ում

Նոյեմբեր 17,2022 14:14

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 77-րդ նստաշրջանում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շրջանակում քննարկել և 2022թ․ նոյեմբերի 1-ին փաստաթուղթ է ընդունել անհայտ կորած անձանց իրավունքների վերաբերյալ։

Փաստաթուղթն անդրադառնում և կարևորում է այնպիսի հարցեր, որոնց մասին մշտապես բարձրաձայնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համատեքստում, այդ թվում՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի հիմնավորումներում։ Դրանք այնպիսի մեխանիզմներ են, որոնք հնարավորություն կտան անհայտ կորած անձանց ստանալու իրավական կարգավիճակ, իսկ նրանց ընտանիքի անդամներին՝ ստանալու սոցիալական երաշխիքներ, լուծելու իրենց առողջապահական, կրթական խնդիրները, իրացնելու տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը։

Այս խնդիրներին ՀՔԱՎ-ն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակի մասին զեկույցում և ներկայացրել առաջարկներ։

ՄԱԿ-ի փաստաթուղթը ուշադրություն է հրավիրում զինված կոնֆլիկտների հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրներին, ովքեր միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների զոհեր են հանդիսանում։ Անհայտ կորածների խնդիրների չլուծվածությունը շարունակում է բացասաբար ազդել կոնֆլիկտի դադարեցման վրա, և նրանց ընտանիքներին ծանր տառապանք պատճառում։ Հատուկ կարևորվում է այս հարցին մարդասիրական իրավունքի և իրավունքի գերակայության տեսանկյունից դիտարկելը, ինչպես նաև ընդգծվում է պետությունների պատասխանատվությունը՝ կանխելու, իսկ տեղի ունենալու դեպքում՝ նրանց անհայտ կորածների կորչելու հանգամանքների ուսումնասիրման, մարմինների նույնականացման, հարազատներին անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկության տրամադրման,  արդարադատության իրականացման և վնասի փոխհատուցման պատշաճ մեխանիզմներ ներդնելու հարցում, այդ թվում՝ տվյալների բազաների, տեղեկատվական բյուրոների ստեղծման միջոցով։

Այս փաստաթղթով հեղինակները, ի թիվս այլնի, պետություններին կոչ են անում ջանքեր գործադրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքներին իրավական կարգավիճակ տալու ուղղությամբ, և նրանց հարազատներին աջակցություն տրամադրել հատկապես սոցիալական ապահովության, հոգեբանական աջակցության, ֆինանսական, ընտանեկան և ունեցվածքին առնչվող իրավունքների իրացման հարցում։

ՀՔԱՎ-ը տարիներ շարունակ հետամուտ է եղել անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների պատշաճ իրականացմանը, և այդ նպատակով ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնել «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը սակայն մինչ օրս չի ընդունվել։  

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930