Բոլորը հասկանում են այդ ճանապարհի նշանակությունը և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռնատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն` Տաթևի ոլորանները շրջանցեն:
Այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառույցների նախարար Գնել Սանոսյանի այն հայտարարությանը, թե այս պահին բավական ճանապարհներ կան, որոնք վերանորոգման ընթացքի մեջ են։ «Մասնավորապես, Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։ Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել։ Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասաց Սանոսյանը։
Նշենք, որ կառավարությունն այսօր վերաբաշխում կատարեց 2022 թվականի բյուջեի մասին օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակներում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե վերադարձման անհրաժեշտությամբ:
«Մեր վարկային ծրագրերի շուրջ առաջացել են որոշակի պարտավորություններ. Ծրագրեր կան, որ ավարտում ենք եւ անհրաժեշտ է վճարել շինարարներին, խորհրդատուներին ու տեխնիկական հսկողներին: Մասնավորապես, դա կենսականորեն անհրաժեշտ ճանապարհային ցանցի ծրագիրն է, որն այս տարի ավարտում ենք: Մյուսը Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն 51 կմ-անոց հատվածն է, որը գրեթե ավարտվում է, եւ Հյուսիս-Հարավ ծրագրի Թալին-Լանջիկ 18,7 կմ-անոց հատվածն է, որն էլի ավարտական փուլում է: Ընդհանուր առմամբ առաջարկվում է այս երեք ծրագրերի համար միջծրագրային վերաբաշխում իրականացնել եւ մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 235 մլն դրամ: «595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»,- նշեց Սանոսյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ